Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղաղությունը դեռևս անհասանելի է. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը

Քաղաքականություն
MAK

«Քանի որ աշխարհում խնդիրներն ավելանում են, բազմակողմանիությունը լավագույնս ճանապարհն է ապագայի մարտահրավերների համար»,-ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ հրապարակելով իր տարեկան զեկույցը։ 2018 թվականի ՄԱԿ-ի աշխատանքն ամփոփող Գլխավոր քարտուղարի զեկույցը նաև անդրադառնում է խաղաղության և անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման առաջխաղացման առումներով նախորդ տարվա ընթացքում արձանագրած առաջընթացին։ «Ես իմ պաշտոնավարությունը սկսեցի՝ կոչ անելով, որ 2017 թվականը լինի խաղաղության տարի, բայց խաղաղությունը դեռևս անհասանելի է»,-ասել է Անտոնիու Գուտերեշը զեկույցի նախաբանում, նշելով, որ նախորդ տարվա հունվարից «հակամարտությունները սրվել են՝ մարդու իրավունքների և մարդասիրական օրենքի նկատմամբ լուրջ խախտումների դրսևորումներով, անհավասարությունն աճել է, տարածվել է անհանդուրժողականությունը, կանանց նկատմամբ խտրականությունը շարունակում է իշխել և կլիմայի փոփոխության ազդեցությունները շարունակում են ավելանալ»։ «Անհրաժեշտ է միասնություն և խիզախություն դրսևորել, որպեսզի աշխարհն ավելի լավ ապագայի ճանապարհին կանգնեցնենք»,- ընդգծել է Պարոն Գուտերեշը` կարևորելով Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) դերը անդամ պետությունների և քաղաքացիական հասարակության կողմից համակարգված ջանքեր գործադրելու մեջ՝ ուղղված «աղքատության նվազեցմանը և խաղաղ, բարեկեցիկ և ներառական հասարակությունների կառուցմանը»։ Լայնածավալ բարեփոխում Գլխավոր քարուղարի և նրա տեղակալ Ամինա Մոհամեդի նախաձեռնած՝ ՄԱԿ-ի զարգացման համակարգում վերջին տասնամյակների ամենից համընդգրկուն բարեփոխումը, որն արդեն ընթացքի մեջ է, նպատակ ունի ամրապնդել Կազմակերպության կարողությունը աջակցելու անդամ պետություններին Կայուն զարգացման 17 նպատակներին հասնելու համար։ Մատնանշելով ձեռքբերումները՝ ինչպես օրինակ՝ աշխատանքի արդյունավետությունը, էլեկտրաէներգիայի հասանելիությունը և համացանցի ուժեղացված կառավարումը, զեկույցը միևնույն ժամանակ լուսանաբում է, որ առաջընթացը անհամաչափ ու շատ դանդաղ է, որպեսզի հնարավոր լինի տրված ժամանակահատվածում հասնել 2030 Օրակագի իրականացմանը։ Օինակ՝ 2015թ. 10 մարդկանցից 3-ը հասանելիություն չուներ խմելու անվտանգ ջրին և 60 տոկոսը զուրկ էր սանիտարահիգիենիկ պայմաններից։ Ավելին՝ հակամարտությունները, աղետներն ու կլիմայի փոփոխությունը նույնպես բացասականորեն են ազդում բնակչության վրա։ Զեկույցում ընդգծվում է անդամ պետությունների, տարածաշրջանային, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ ավելի ամուր և  բազմակողմ գործընկերությունների հաստատման անհրաժեշտությունը, որպեսզի «լուծումներ գտնվեն գլոբալ խնդիրներին, որոնք ոչ մի ազգ ինքնուրույն չի կարող լուծել»: Չնայած կայուն զարգացման 2018թ. Բարձր մակարդակի քաղաքական ֆորումը որոշակի դրական նախաձեռնություններ արձանագրեց, բայց նաև ցույց տվեց, որ ջանքերն անհրաժեշտ է ուղղել այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են էներգետիկայի, ջրի և ցամաքային էկոհամակարգերի ոլորտներում համագործակցությունը։ Համաձայն զեկույցի՝ «գործընկերությունները ԿԶՆ-ներին հասնելու բանալին են», և հունիս ամսվա դրությամբ, տարբեր ոլորտներից՝ բոլոր 17 նպատակների շուրջ, 3,834 գործընկերություն է գրանցվել «Գործընկերություն հանուն ԿԶՆ-ների» առցանց հարթակում։ Տեխնոլոգիաների կապակցությամբ, անցյալ տարվա հոկտեմբերին Տնտեսական և սոցիալական խորհուրդը (ECOSOC) և Երկրորդ խորհուրդը ողջունեցին Սոֆիային՝ ՄԱԿ-ի պանելային քննարկմանը մասնակցող առաջին ռոբոտին։ Սա հայացք նետեց Արհեստական ինտելեկտի ոլորտում տեղի ունեցող առաջխաղացումներին։ Ինչ վերաբերում է երիտասարդներին՝ ՄԱԿ-ի Երիտասարդության պատվիրակը՝ Շրի Լանկայից Ջայաթմա Ուիքրամանայակեն, շարունակաբար հանդես է գալիս նրանց կարիքների և իրավունքների անունից, ներառյալ՝ որոշում կայացնելու գործընթացների բոլոր մակարդակներում նրանց ակտիվ մասնակցության և երիտասարդներին ապահովելու առումով ՄԱԿ-ի համակարգի կառավարման ամրապնդման ուղղությամբ։ ՄԱԿ-ի զեկույցում խոսվում է նաև գլոբալ միգրացիայի աճող մասշտաբի, բարդության և ազդեցության մասին: Հուլիս ամսին Ընդհանուր վեհաժողովը հաստատեց «Ապահով, կանոնակարգված և կանոնավոր միգրացիայի» գլոբալ համաձայնագիրը, որը դեկտեմբերին կներկայացվի Մարոկկոյում անցկացվող միջկառավարական համաժողովում։