Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամրջից ընկած շինարարի ընտանիքի նամակը վարչապետին

Հասարակություն
FullSizeRender-08-08-18-16-21-1-1

 Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Հարգելի' պարոն վարչապետ,  Մեր հույս ու հավատ Նիկոլ, դիմում ենք Ձեզ վերջին հույսով, բայց մեծ սպասումով: Երկու տարի է մեր սեփական երկրում զգում ենք մեզ անտեսված, քանի որ կան բազում օրենքների բացեր մեր ընտանիքի համար և կամ ոչ գիտակ մասնագետներ, ինչի հետևանքով շատ անգամներ մեր իրավունքները ոտնահարվել են: Ասելիքը շատ է, բայց փորձելու ենք հնարավորինս կարճ ու կոնկրետ ներկայացնել մեր խնդիրն ու խնդրանքը: Հայրս՝ Վ.Ռ.Մուսայելյանը /ծնված 1959թ. Հունվարի 2-ին/ փորձառու, վաստակավոր շինարար է: 2016թ-ի չարաբաստիկ օգոստոսի 26-ին շինարարական աշխատանքներ կատարելիս Երևան-Արտաշատ ավտոճանապարհի, Արարատի մարզի Այնթափ գյուղի վարչական տարածքում գտնվող ապամոնտաժվող կամրջի վրա (նշեմ, որ վերջինս աշխատում էր, նշված վայրում, որպես աշխղեկ) ընկել է կամրջից ու ստացել շատ ծանր ու անդառնալի գանգուղեղային վնասվածք, երկար չգրելու համար կցում եմ էպիկրիզը:  «Դեպքը տեղի է ունեցել շինաշխատանքներ կատարելիս». առաջին ու վերջին անգամ այդ արտահայտությունը լսել ենք տեղի աշխատակիցներից դեպքի ու դրան հաջորդող օրը միայն, (թերևս այդ ժամանակ մենք նրանց մութ գործերի ու պլանների մասին ոչ կռահում ու ոչ էլ մտածում էինք, մեր գերխնդիրը հորս առողջական վիճակն էր, և մեզ միայն ու միայն նրա առողջությունն ու ապաքինումն էր հետաքրքրում) քանի որ որոշ աշխատակիցներ ոստիկանների համար «անգտնելի» կորան: Իսկ հետո արդեն բոլորը՝ կազմակերպության աշխատակիցները, ղեկավար անձնակազմը ու ոստիկանությունը, անհետացան` իրենց գործերը դզել-փչելու (կներեք իհարկե ոչ կոռեկտ խոսքիս համար): Երեք ամիս անցկացրել ենք  «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, մեկ ամիս՝ նյարդաբանության բաժանմունքում: Չորս ամիս անց բժիշկների խոսքով նրանք այլևս անելիք չունեին ու հորս ապաքինման համար միայն խնամք ու ժամանակ էր հարկավոր: Տանը ստեղծեցինք մինիմալ պայմաններ հորս համար և տեղափոխեցինք տուն: Հորս մինչև օրս խնամում է մայրս. Նշեմ, որ հայրս անկողնային է՝ չի խոսում, չի շարժվում, չի տալիս ստաբիլ արձագանքներ:  Երբ եկանք տուն ու կամաց-կամաց սկսեցինք գիտակցել, թե ինչի մեջ ենք ընկել ու դեռ մեզ ինչեր են սպասվում (ընտանիքի միակ աշխատողն անկողնային է, նրան ամենօրյա խնամք է պետք և այլն) սկսեցինք որոշ հարցերով զբաղվել: Օրինակ՝ կարգ ստանալ, թոշակավորել հորս, որը շատ դժվարությամբ բայց ստացվեց, ապա զբաղվեցինք հորս անունով ունեցած դժբախտ դեպքերի ՊԱՐՏԱԴԻՐ ապահովագրությունով (բառը շեշտում եմ, քանի որ ի զարմանս մեզ այլևս այն պարտադիր չէ): Հայրս ուներ այդ դժբախտ դեպքերի ապահովագրություն, քանի որ իր անունով հիպոթեկային վարկ կար, ինչը մենք շարունակում ենք մարել: Այդ գործընթացի ընթացի ժամանակ մեզ պետք եկավ քրեական գործի վարույթի որոշումը, որից տեղեկություն ընդհանրապես չունեինք: Նշեմ, որ երբևէ որպես տուժող կողմ, մեզ ոչ մեկ չի մոտեցել գործի առնչությամբ հարցաքննելու կամ գոնե տեղեկանալու որևէ բանից տեղյա՞կ ենք, կամ ունե՞նք բողոք թե՝ ոչ: Ու երբ ստացանք այդ փաստաթուղթը՝ ապշելու բան էր: Ամբողջությամբ խեղկատակություն, ոչ մի ճիշտ խոսք, ոչ մի անմիջական վկայի ցուցմունք: Քրեական գործով վարույթի որոշման մեջ «Մոնտաժշինտրանս» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Սեդրակյանը ով hանդիսանում էր հորս իբրև գործատուն, ում մասին մենք առաջին անգամ էինք լսում (սակայն որպես հորս գործատու մենք գիտեինք «Երևանշին» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պողոսյանին ), ցուցմունք էր տվել, որն 01.08.2016թ-ի թիվ 5 հրամանի համաձայն՝ հորս ընդունել է աշխատանքի որպես աշխղեկ: Ասեմ որ այդ հրամանը սկզբում պայմանագիր էր, ապա վերը նշված հիմնարկության աշխատակիցները հորս աշխատանքային գրքույկը տարան շտրիխով ջնջեցին և դարձրին հրաման: Կցում եմ նաև այդ թղթերը, և ևս մի կարևոր փաստաթուղթ՝ տեղեկանք որով հաստատում ենք, որ հայրս հանդիսանում էր «Երևանշին»ՍՊԸ-ի աշխատակից: Գրիգոր Սեդրակյանը ցուցմունքում նշել էր նույն օրը ժամը 20-ի սահմաններում իրեն զանգել և ասել են, որ Վ. Մուսայելյանը ընկել է կամրջից և գտնվում է  «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բայց երբ մեզ հայտնեցին դեպքի մասին և մենք հասանք հիվանդանոց 17:00-ի սահմաններում վերը նշված անձնավորությունը արդեն հիվանդանոցում էր, ուղղակի այդ ժամանակ մենք չգիտեինք ո՞վ է նա: Այսինքն՝ բացահայտ ստել էր, բայց դրանով ամեն ինչ չէր ավարտվել: «Մոնտաժշինտրանս» ՍՊԸ-ի ճարտարագետ Գագիկ Սերյոժայի Գևորգյանը ցուցմունքում նշել էր , որ հայրս իրեն ասել է, որ ցանկանում է շրջել տարածքում, որպեսզի տեսնի, թե ամեն ինչ կարգին է արդյոք և բոլոր գործիքները հավաքված են, թե ոչ: Դրանից հետո վագոն-տնակի պատուհանից մի պահ նկատել է, որ հայրս քայլում է կամրջի վրայով, բացի նրանից, կամրջի վրա այլ անձ չի եղել, տեխնիկա չի աշխատել, շինհրապարակում, բացի իրենից այլ անձինք չեն եղել: Դրանից րոպեներ անց դրսից ձայներ է լսել և նկատել, որ մարդիկ են վազելով մետենում կամրջին, ու նա ևս վազել է այդ ուղղությամբ և տեսել, որ հայրս գտնվում է կամրջի առաջին քանդված հեծանի տակ՝ հողապատ գետնին՝ մեջքի վրա անգիտակից պառկած վիճակում: Ու եթե մի պահ հավատանք այդ ստին, կարծում եմ, որ տարածքով շրջելն ու ստուգելը նույնպես հորս պարտականություններից է, ինչը չպետք է հրահանգավորվեր (մեկնաբանում եմ որոշման մեջ նշված ԻՆՔՆԱԿԱՄ գործողություններ արտահայտությունը, որը բազմաթիվ խնդիրների առջև մեզ կանգնեցրեց), ուղակի հետաքրքիր է այդ ամայի, փակ շինհրապարակում, որտեղից մարդիկ հավաքվեցին և Գևորգյանն էլ աղմուկից դուրս եկավ վագոն-տնակից: Այդ որոշման ամեն տողը կարդալիս խենթանում էինք ու զարմանում մարդ կոչվածի այդ աստիճան ստոր լինելու վրա: Ի դեպ հորս հեռախոսը մնացել էր աշխատակիցների մոտ ու միայն դեպքի հաջորդ օրը երեկոյան մեզ հանձնեցին, ինչը մեզ հետագայում առիթ տվեց մտածելու, որ իրենց գործին խանգարող հեռախոսահամարներն են ջնջել, քանի որ Յան անունով աշխատողի (ով հանդիսանում է դեպքի երևի միակ վկան) հեռախոսահամարը հորս հեռախոսից անհետացել էր (ոստիկանների կողմից «անգտնելի» աշխատակիցների ցանկում էր այդ մալատոկ աշխատացնողը՝ Յանը: Յանին մենք տեսել էինք դեպքի հաջորդ օրը ու նա ասել էր, որ աշխատանքի ժամանակ հայրս ընկել է: Մի խոսքով, քրեական գործի վարույթի որոշումն էլ կցում եմ նամակիս: Մի կերպ կարողացանք մեր մեջ ուժ գտնել ու գիտակցել, որ մենք պետք ենք մեր հորը, ու այդ թղթի գրվածը չէ, որ պետք է օգնի հորս ոտքի կանգնել, բացի այդ հասկանում էինք թե, այժմ արդեն անցյալ դարձած ինչ Հայաստանում էինք ապրում (գործատուն ուներ դատախազ փեսա ծանոթ): Ուստի հասկանում էինք, որ դատարան դիմելով՝ չենք ունենա հաղթանակ, միայն անիմաստ ժամանակ ու գումար կվատնենք, իսկ ԱՊՊԱ գործակալն էլ վստահեցնում էր, որ փոխհատուցմանը քրեական գործի վարույթի որոշումը չի խանգարի: Բազում փաստաթղթեր պահանջելուց հետո Ապպահովագրական ընկերությունը մերժեց մեր պահանջը: Չեմ կարողանում հասկանալ, ինչու՞ են ապահովագրում շինարարին, ում գործն ինքնին ռիսկային է: Հիմա դեռ հիպոթեկային վարկը գործում է ու մենք վճարումները կատարում ենք, իսկ պարտադիրը այլևս պարտադիր չէ և նույնիսկ ցանկալի չէ: Բողոքել ենք ապահովագրական ընկերությունում, դիմել ենք Ֆինանսական Հաշտարարին, շատ բարեհամբույր աշխատակիցները փորձեցին ամեն ինչ անել մեզ օգնելու համար, բայց չստացվեց: Փորձեցինք նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմել, սակայն նրանց իրավասություններից դուրս էր մեզ օգնելը: Իհարկե նամակումս շատ ու շատ բաներից չխոսեցի փորձելով կարճ ներկայացնել ամենը: Դեպքից երկու տարի անց այևս չենք կարող թե հոգեպես և թե ֆինանսապես ինքներս վարձելու փաստաբան և զբաղվելու այդ թղթաբանությամբ: Մեզ անհրաժեշտ է գիտակ փաստաբան, ով կարող է մեր հետ միասին մինչև վերջ պայքարել հանուն արդարության, ով կփորձի այնպես անել, որ քրեական գործի վարույթի որոշումը անվավեր համարվի, ինչի հիման վրա գործը նորից բացվի և հետաքննություն անցկացվի: Հետաքնության ընթացում խնդրում եմ գտնեն վերը նշված աշխատակցին՝ Յանին ով մեր համոզմամբ դեպքի միակ վկան է ու համոզված ենք շատ բան գիտի գործի մասին: Հիմա դիմում ենք Ձեզ՝ մեծ հավատով ու չանտեսվելու հույսով, որպեսզի օգնեք մեզ, մեր նոր Հայաստանում վերականգնել արդարությունը, քանի որ թավշյա հեղափոխության ամեն մի օրը փողոցում ես ու քույրերս պայքարում էինք հենց այս արդարության համար: Հարգանքներով Վ. Մուսայելյանի ընտանիք