Դիտորդական Խմբի աշխատանքը հերթական անգամ խոչընդոտվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների Խմբի անդամները 2018թ. հուլիսի 31-ին այցելել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Այցելության ժամանակ դիտորդները ցանկացել են հանդիպել կալանավորված անձինք Ռոբերտ Քոչարյանին և Մանվել Գրիգորյանին: Սակայն քրեակատարողական հիմնարկի պետը չի թույլատրել հանդիպել` պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է արգելանք՝ նշված անձանց հետ տեսակցությունները արգելելու վերաբերյալ: 2018թ. օգոստոսի 6-ին Խումբը թիվ 18-61 ընթացիկ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ առաջարկելով Խմբի առաքելության նկատմամբ դիրքորոշումը կիրառել նախկին կարգով և այդ հիմքով չխոչընդոտել աշխատանքները: 2018 թ.-ի օգոստոսի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունից Խմբին հայտնել են, որ քննիչի որոշման հիման վրա Ռ․ Քոչարյանին և Մ․ Գրիգորյանին տեսակցելն արգելելու ուղղությամբ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի վարչակազմի գործողություններն իրավաչափ են և բխում են ՀՀ օրենսդրության պահանջներից՝ հետևյալ հիմնավորումներով՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ քննության շահերից ելնելով ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի մարմնի որոշմամբ՝ այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի առանձին, խորհրդատվական կարգով, անարգելտեսակցելու իր պաշտպանյալի հետ՝ առանց տեսակությունների թվի և տևողության սահմանափակման: Նույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է առ այն, որ փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հմանավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում՝ դատական մարմիններում: Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի՝ վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են երաշխավորել ազատության սահմանափակման կամ ազատությունից զրկման վայրում գտնվող անձի հետ Մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա ներկայացուցչի անարգել և խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունը: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման: Նույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ամրագրում է առ այն, որ իր ընտրությամբ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) և անարգել տեսակցելու ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալու նրանց հետ, համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող կամ համապատասխան տեղեկություն ունեցող ցանկացած այլ անձի հետ, անհրաժեշտության դեպքում ներգրավել թարգմանիչ, օգտագործելու տեխնիկական միջոցներ: Առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման որևէ մարմնի կամ երրորդ անձի կողմից: Արդարադատության նախարարության դիրքորոշմամբ՝ ներկայացված իրավանորմերի համալիր վերլուծությունից բխում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն: ՀՀ արդարադատության նախարարի 2011 թ.-ի նոյեմբերի 21-ի թիվ 195-Ն հրամանի հավելվածի 68-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր անձի մուտքը հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ հիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների: Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը չի ենթադրում կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տեսակցություն ունենալու իրավունք: Վերոգրյալից հետևոմ է, որ՝
- Խումբն ունի կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք,
- Խումբն իրավասու է անարգել տեսակցել ազատությունից զրկված անձին, եթե առկա չէ տեսակցությունն արգելելու վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում,
- Խումբն ընդգրկված չէ օրենքով սահմանված այն անձանց / մարմինների շարքում, որոնց թույլատրվում է անարգել տեսակցել ազատությունից զրկված անձանց հետ, եթե առկա է տեսակցությունն արգելեու վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարնի որոշում: