Ինձ օտար չեմ զգում, քանի որ իտալացիներն ու հայերը խառնվածքով շատ են նման. Ջանպիերո Ռուջերի (տեսանյութ)
Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը թատերականացված-համերգային կատարմամբ կներկայացնի Ջակոմո Պուչինիի «Թիկնոցը» և Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացները»։ «Տարեկան 2-3 օպերային ծրագիր ենք ներկայացնում և ամենակարևորը երգիչների ճիշտ կազմ ընտրելն է», -ասում է բեմադրիչ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, հավելելով, որ կազմը անզուգական է և ցանկացած օպերային թատրոն կարող է նախանձել։ «Պայացներում» Կանիոյի դերը կկատարի մոսկվաբնակ Արսեն Սողոմոնյանը, որն ի դեպ, առաջին քայլերը սկսել է ֆիլհարմոնիկի հետ։ Այն ժամանակ նա բարիտոն էր և ընդամենը մեկուկես տարի է, ինչ երգիչը հանդես է գալիս որպես տենոր։ Իսկ բարիտոնալ տենորները հազվադեպ երևույթ են և սա մեծ հաջողություն է, նշում է դիրիժորը։ Սոպրանո Աննա Կասյանը, որ կկատարի Նեդայի դերերգը, Թոփչյանի համար իսկական հայտնություն էր։ Աննային դիմեց Սերգեյ Սմբատյանի խորհրդով, լսեց ու հիացավ։ Երգչուհին ծնվել է Թբիլիսիում, բնակվում է Ֆրանսիայում և առաջին անգամ է Հայաստանում։ Նրա խաղացանկը ընդգրկում է քսանից ավել դերերգեր՝ Մոցարտից մինչև Վերդի և աշխարհի լավագույն թատրոններից հրավերների պակաս չունի։ Մեծ սիրով է համաձայնվել ներկայացմանը մասնակցել և անգամ Լոնդոնի համերգը իր խոսքով՝ «քենսլ» է արել։ Ի տարբերություն Աննայի, իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջերին երրորդ անգամ է Հայաստանում։ «Հայ չեմ, ասում է նա,-սակայն ինձ օտար այստեղ չեմ զգում, քանի որ իտալացիներն ու հայերը խառնվածքով իրար շատ են նման։ Այս նվագախմբի հետ համագործակցելը մեծ հաճույք է։ Այստեղ առկա է պրոֆեսիոնալ մոտեցում երաժշտության հանդեպ, որը անգամ եվրոպական շատ թատրոններում չես հանդիպի»։