Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՔԱՎԱՆԻՑ

Մարզեր

Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին Հանքավանի բնակիչներն իմանում են ավտոբուսում: Օրը չորս անգամ «Պազ» մակնիշի ավտոբուսը Հանքավանից Հրազդան է տեղափոխում 6-7գյուղի բնակիչների: Կաթ ու մածուն,պանիր շուկա տանող գյուղացիները օրվա հոգսերից , վար ու ցանքից բացի քննարկում են նաեւ հանրապետության անցուդարձը: Քննարկումներն ակտիվանում են հատկապես ամառվա ամիսներին, երբ Հանքավանում հայտնվում են հանգստացողները:

Հանքավանում ինֆորմացիայի հիմնական աղբյուրը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն է: Զանգվածային այլ լրատվամիջոցներից տեղեկատվություն ստանալու հնարարավորություն հանքավանցիները չունեն: Այստեղ թերթեր հազվադեպ են ստանում, այլ հեռուստաընկերությունների, նույնիսկ ռադիոընկերությունների հաղորդումներ չեն լսում:

Հարկ է նշել, որ հանքավանցիներին այնքան էլ չի հուզում, թե նախագահական ընտրություններում ով է իր թեկնածությունը դնելու: Նրանց համոզմամբ, անկախ իրենց մասնակցությունից ընտրությունները կայանալու են:

Քննարկումները անմիջապես դադարում են , երբ հրմշտելով լեփլեցուն ավտոբուս է բարձրանում հերթական ուղեւորը կամ փոխադրամիջոցը «վեր է թռչում» հերթական փոսի վրայով: Թափվում է կաթը, շուռ է գալիս պանրի տոպրակը , եւ... ուղեւորները սկսում են գոռգոռալ, վիրավորել վարորդին: