Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցումային արդարադատությունը չի հակասելու Սահմանադրությանը. Ա. Զեյնալյան (տեսանյութ)

Հասարակություն
artak-z

Դատապարտյալների պայմանական ազատ արձակման հարցով մշակվել է 387 զեկույց,  դրանցից 228-ը քննվել են դատարաններում, արդյունքում՝ 84 դատապարտյալ ազատ է արձակվել, այսօր հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ամփոփելով իր գործունեության 100 օրը։

Նախարարը նշեց, որ ՔՀ-ում գերծանրաբեռնվածության հարցը լուծվել է։

«Այս պահին բոլոր դատապարտյալներն ունեն առանձին մահճակալներ, բայց իհարկե մակերեսի խնդիր կա։ Գորիսի, Վարդաշենի քրեակատարողական հիմնարկները պետք է վերանորոգվեն, Տավուշում պետք է նոր հիմնարկ կառուցվի»։

Առաջնահերթությունների մեջ է նաեւ ցմահ դատապարտյալներին վաղաժամ ազատ արձակելու հարցը։ Այս պահին համապատասխան  փաստաթղթեր են մշակվում,-հավելեց Արտակ Զեյնալյանը։

«Այս տարվա ընթացքում ՔՀ-ում երկու ինքնասպանության դեպք է եղել։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ անձը չդիմի այդ քայլին։

Դատապարտյալների սննդի որակը թեեւ բարելավվել է, բայց դեռ անելիքներ կան։ Հետեւում ենք մսի, պահածոների որակին։ Դատապարտյալների սննդի որակը պետք է փոխվի եւ առաջիկա մեկ տարում նկատելի կլինեն էական փոփոխություններ»։

Անդրադառնալով անցումային արդարադատության համակարգին նախարարը նշեց.

«Այն չի հակասելու Սահմանադրությանը, դա լինելու է աջակցող կառույց։ Այն կոչված է լինելու մարդու իրավունքները վերականգնելուն»։

Արտակ Զեյնալյանը հավելեց, որ կօգտվեն այլ երկրների փորձից եւ կբացառեն սխալները։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի լուսանկարին, որը հրապարակել էր լրատվամիջոցներից մեկը, նշեց.

«Դատապարտելի է, որ լուսանկարը հրապարակվել է։ Այն մարդու իրավունքի խախտում է եւ լրատվամիջոցը պետք է ծանր ու թեթեւ աներ հրապարակելուց առաջ։ Չէր կարելի հրապարակել։ Իմ հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն»։