Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի եղբորորդին հետախուզվում է  Ինտերպոլի կողմից. Վ. Օսիպյան (տեսանյութ)

Հասարակություն
osipyan

Ոստիկանությունը լիովին ապահովելու է սեպտեմբերի 22-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակների ճշգրտությունը,  փորձելու է նվազեցնել բացթողումները ու վերացնել որոշ երեւույթներ: Այս մասին այսօր  պաշտոնավարման  100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:  «Կան բազմաթիվ հայտնաբերված մահացած մարդիկ,  ովքեր գրանցված են, 400 հազար անձ էլ Երեւանի  կտրվածքով արդեն ստուգվել  է:  Ավագանու ընտրությունները կլինեն ճշտված ցուցակներով»,-ասաց նա:  ՀՀ  ոստիկանության պետը տեղեկացրեց, պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով  դատաքննությանը դեռ չի հրավիրվել ու պատրաստ է առանց կաշկանդվելու դատարան ներկայանալ ու պնդել   նախաքննության ժամանակ  տված իր ցուցմունքները:   Ոստիկանապետը հիշեցրեց, որ  անմիջական առնչություն ունի այդ գործին, 7-8 օր էլ մնացել  է ՊՊԾ գնդում, որպես պատանդ, սակայն, որեւէ դիրքորոշում վաղ համարեց ներկայացնել, ասելով՝  արդարադատությունը ՀՀ-ում իրականացնում է դատարանը ու ինքը  չի կարող հանդես  գալ մեկնաբանությամբ:    Մարտի 1-ի գործի առումով էլ Օսիպյանը նշեց, որ դրանում իր առնչությունը այնքանով  է՝ որքան մյուս ոստիկանների. «Այդ օրը, ես ի պաշտոնե պարեկապահակային ծառայության գնդապետի տեղակալ եմ եղել, և իմ առնչությունն այնքանով է, որքան ոստիկանության մյուս ծառայողներինը»: Ասուլիսի ընթացքում Օսիպյանը անդրադարձավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսին: Նա  հայտարարեց, որ դեպքի  առնչությամբ ոստիկանությունը ոչ մի բողոք չի ստացել, իսկ ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։   Այսպես` կոչված՝ օրենքով գողերի՝ բնակարաններում կատարված խուզարկությունների վերաբերյալ դիտարկմանը, ոստիկանապետը պատասխանեց, որ  նրանցից  4-ի նկատմամբ քրեական գործ է հարուցված և դրանք գտնվում են վարույթում: « Մենք այդ պահին ստացել ենք օպերատիվ տեղեկություններ, որ որոշ «օրենքով գողեր» միմյանց միջև պարզաբանումներ էին պատրաստվում իրականացնել, և այդ ամենը կանխելու համար ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով նրանց բնակարաններում իրականացրել է խուզարկություններ: Արդյունքներով նրանց բնակարաններից հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրանյութ ու ապօրինի զենք»,-տեղեկացրեց Օսիպյանը: Ի դեպ, նա նաեւ հայտնեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի  Նարեկ Սարգսյանի հետախուզմանն արդեն միացել է  նաև  Ինտերպոլը:   «Աշխատանքներ են տարվում։ Այլ մանրամասներ չեմ հայտնի։ Նա շուտով կհայտնվի մեր տեսադաշտում: Նարեկ Սարգսյանը սահմանը հատել է հետախուզում հայտարարելուց մի քանի օր առաջ»։  Վալերի Օսիպյանը խոսեց նաեւ ոստիկանական համակարգում մի շարք փոփոխություններ  կատարելու մասին.  «Խորհրդային Միության տարիներին բոլոր մարզերում ճանապարհային ոստիկանության ստացիոնար հենակետեր կային: Չի բացառվում, որ մենք այդ հենակետերը վերականգնենք, սակայն դա քննարկման կարիք ունեցող հարց է:  Այս պահին ուսումնասիրում ենք ճանապարհային ոստիկանության հենքի վրա ճանապարհային պարեկային ծառայություն ձևավորելու հարցը, որը իր մեջ ներառելու է վարորդներին զսպելու համալիր գործընթաց, ինչը կնպաստի նրան, որ մենք կունենանք ավելի քիչ պատահարներ և դրանց հետևանքով ավելի քիչ զոհեր ու վիրավորներ»,-  մանրամասնեց նա: Օսիպյանը նաեւ վստահեցրեց,  որ իր ղեկավարած գերատեսչությունում  կոռուպցիա չկա,  առաջիկայում էլ  հնարավոր է բարձրացվեն  ոստիկանների  աշխատավարձերը: «Այդ խնդրին շատ լավ ծանոթ է ՀՀ վարչապետը, և հենց ինքն է առաջինը շահագրգռված, որպեսզի բարձրացվեն, սակայն դա պայմանավորված է մեր երկրի տնտեսական վիճակով: Հույս ունենանք, որ կլինի  տնտեսական աճ, իսկ այդ դեպքում ես համոզված եմ, որ ոստիկանների աշխատավարձերը կբարձրանան»,- հավատացրեց Օսիպյանը:   Ի դեպ, մինչ Վալերի  Օսիպյանի ասուլիսը,  ոստիկանության գործունեության 100 օրվա  մասին թվերով խոսեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:  «Գործողություններ են իրականացվել ոստիկանության գրեթե բոլոր ոլորտներում, մայիսի 10-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում 12 տոկոսով հանցագործությունների թիվն աճել է, շեշտեմ՝ գրանցված թիվը: Սա մի կողմից ոստիկանության նկատմամբ վստահության արդյունքն է ու հանցագործությունները  չթաքցնելու միտումը: Ոստիկանությունը հանցագործությունների վերաբերյալ 13215 հաղորդում  է ստացել, նույն ժամանակահատվածում 2017-ին ստացվել է հանցագործության մասին 9730 հաղորդում: Այս ընթացքում 746 կոռուպցիոն բնույթի հաղորդում է ստացել, որից 585-ն ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից, առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցագործությունների ոլորտում»,- ասաց նա: Արմեն Ղուկասյանի  խոսքով,    Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը  բացահայտել է պետությանը պատճառված 4,4 մլրդ դրամ վնաս,  որից 147 մլն դրամն արդեն վերականգնված է: