Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիս-հարավի նախագիծը փոփոխվել է՝ հնավայրերը պահպանելու համար

Տնտեսություն
poak

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի բնապահպանության և հնագիտության մասնագետ Միքայել Թևոսյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ինստիտուտի գիտաշխատող, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը, նախագծողներ այցելել են Տրանշ-2՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարևանությամբ գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոց։ Միքայել Թևոսյանը նշեց, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության նախագիծը փոփոխվել է՝ տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող համալիրի վրա նվազագույն ազդեցություն ունենալու համար։ Մասնագետներն այցելության ընթացքում դիտարկել են տարածքում կատարված նշահարումները՝ արձանագրելով, որ ամեն ինչ կատարվել է ըստ տարբեր գերատեսչությունների հետ համաձայնեցված նախագծի, և ճանապարհաշինության հետևանքով որևէ հուշարձան չի վնասվի։ Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը նշեց, որ ժամանակին պահանջել են, որպեսզի ճանապարհն անցնի հյուսիսային մասով, սակայն պեղելով տարածքը՝ բացվեցին 8 մ հաստությամբ վաղ միջնադարյան պարսպի մնացորդներ։ «Խնդրեցինք նախագիծը փոխել և ճանապարհը տեղափոխել։ Ընտրվեց այնպիսի տարբերակ, որը նվազագույն ազդեցություն կունենա տարածքի վրա։ Այս վայրում պետք է կատարվի լիցք, և քանի որ որոշ շերտեր մնում են լիցքի տակ, այդ հատվածներում պեղումներ կարվեն։ Եթե հայտնաբերվեն հնագիտական արժեքներ, դուրս կբերվեն, նոր միայն կիրականացվեն լիցքն ու շինարարությունը։ Հանգամանորեն ուսումնասիրվել է տարածքը, որպեսզի հուշարձանին նվազագույն վնաս հասցվի»,- նշեց Բորիս Գասպարյանը։    «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ