Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքե՞ր են գլխավորում Ժառանգություն կուսակցության ցուցակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
raffi1

Մի քանի ժամից տեղի կունենա Ժառանգություն կուսակցության լիագումար նիստը, որի ընթացքում կորոշվի Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակի առաջին հորիզոնականները, այսօր հայտարարեց Ժառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այս պահին քննարկվում է իմ, Արմեն Մարտիրոսյանի եւ մեկ այլ մարդու թեկնածություն, որի անունը դեռ նշել չեմ կարող: Մեր թեկնածուները միայն կուսակցական չեն լինի, այլ նաեւ հասարակական սեկտորից: Մենք ակնկալում ենք ազատ եւ արդար ընտրություններ, որտեղ կբացակայեն ընտրակեղծիքները եւ պետական ռեսուրսը չի օգտագործվի ընտրությունների ընթացքում»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ  երկար տարիներ եղել են ընդդիմադիր, հիմա սակայն՝  ոչ ընդդիմադիր են, ոչ իշխանություն։ «Ժառանգությունը կշարունակի իր սկզբունքային մոտեցումը՝ քաղաքացու ինքնիշխանություն, պետական իշխանություն եւ ազգային շահ: Եթե կան այս համընկնումները մենք սիրով կհամագործակցենք»:  Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Վարչապետի ելույթը ուշագրավ էր, զգացմունքային: Նա ավելի շատ պատասխանում էր ռեպլիկների, որոնք եղել էին տարբեր դաշտերից: Կառավարության  100 օրը գնահատում ենք դրական եւ մենք հայտնում ենք մեր զորակցությունը այս կառավարությանը: Այս օրերի կառավարության գործողությունները եղել են զգացմունքային, այն եղել է հաճո քաղաքացուն, հիմա պետք է ավելի դանդաղ, սառնասիրտ քայլերով շարունակի իր գործունեությունը, եւ կտեսնենք այսուհետ ավելի հստակ քայլեր թե արտաքին եւ թե ներքին քաղաքական կյանքում»: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտ վերադառնալու մեջ Րաֆֆի Հովհաննիսյանը վտանգ չի տեսնում: «Քոչարյանին մեղադրելու հիմք կա, եւ այն պետք է ապացուցվի: Որոշումը պետք է կայացնի դատարանը: Իր վերադարձի մեջ քաղաքական վտանգ չկա, անհարկի խուճապի կարիք չկա»,-ասաց նա: Անցումային արդարադատության համակարգի մասին խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պարզ չէ ինչ համակարգ է եւ ինչպես պետք է աշխատի: Պետական ողջ մարմինը պետք է ենթարկվի լյուստրացիայի, պետական մարմինները, պետք է բացվեն եւ հրավիրվեն դատաքննության: