Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմ կարծում, որ Քոչարյանը պետք է դառնա Փաշինյանի այլընտրանքը. փաստաբան (տեսանյութ)

Քաղաքականություն
norayr-norikyan

Փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադառնալով Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուն, այսօր հայտարարեց, որ մեղադրանքը ճիշտ է եւ հիմնավոր։ «Վերաքննիչ դատարանի որոշումը վիճահարույց է, Մարտի մեկի գործով Սերժ Սարգսյանը նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի։ Չեմ կարծում, որ 2008-ին վարչապետ Սարգսյանը տեղյակ չի եղել Միքայել Հարությունյանի արձակած  հրամանի մասին»,- նշեց փաստաբանը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում պետք է վերացվի կոռուպցիան եւ քաղաքական կոռուպցիան։ Նորիկյանն անդրադարձավ նաեւ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ  կառավարության 100 օրվա ամփոփիչ հանրահավաքին։  Նորայր Նորիկյանը  մտահոգված է վարչապետի Սահմանադրական  բարեփոխումների մասին հայտարարություններից։   «Վարչապետն առաջարկում է փոփոխություններ իրականացնել Սահմանադրության 92 րդ հոդվածում՝ բացառելով վարչապետի հրաժարականի նախապայմանը։ Առաջարկվում է Սահմանադրության մեջ կատարել փոփոխություն՝  ԱԺ ինքնալուծարման պայմանով։ Այս խնդիրը առաջարկվում է նրա համար, որ Հանրապետական կուսակցությունը երկրորդ անգամ ինքնասպանության գնա»,-ասաց Նորիկյանը։  Նա ճիշտ չի համարում Սահմանադրական փոփոխություններ անելով գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների։ Փաստաբանը գտնում է, որ դատավորներն իսկապես  պետք է «խելքները գլուխները հավաքեն», սակայն այս առումով կարծում է, որ այդ կոշտ տոնայնությամբ արված հայտարարությունը կարող է այլ խոսակցությունների առիթ դառնալ։ Ինչ վերաբերում է վարչապետի՝ անցումային արդարադատության անցնելու մասին հայտարարությանը, Նորայր Նորիկյանը գտնում է, որ նախ մի քանի հարցերի պատասխան պետք է տրվի.«ՀՀ-ում անցումային արդարադատություն իրականացնելու համար պետք է պատասխանել արդյո՞ք ՀՀ-ն գտնվում է անցումային փուլում, ովքե՞ր եւ ի՛նչ սկզբունքներով են իրականացնելու անցումային արդարադատությունը՝  ինչ  ֆինանսավորմամբ։ Գտնում եմ, որ  ՀՀ օրենսդրությունը բավարար է արդարություն հաստատելու համար»- ասաց փաստաբանը։ Նա բացառում է, որ Հանրապետական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո նոր վարչապետի թեկնածու կառաջադրի։ «Դուք պատկերացնո՞ւմ եք դրանից հետո հրապարակում հավաքված ժողովրդի տրամադրությունները, կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ։ Չեմ պատկերացնում, որ Փաշինյանից հետո որեւէ մեկը կարող է վարչապետ լինել։ Չեմ կարծում նաեւ, որ Քոչարյանը պետք է դառնա Փաշինյանի այլընտրանքը։ Պատասխանելով «Ա1+» -ի հարցին, փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ իր կարծիքով Վճռաբեկ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության մասով կարող է լղոզված լինել.«Վերջին տարիներին Վճռաբեկ դատարանը Սահմանադրական դատարանի նման է վարվում՝ որոշումները լղոզված է կայացնում»,-ասաց փաստաբանը: