Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրանք՝ ոստիկանության կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպով

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիմոն Վրացյան փողոցի թիվ 90 շենք հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ բռնություն է գործադրվել ինչպես ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ՝ մի բնակչի նկատմամբ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մի խումբ անձինք ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի մոտ են գնացել օգոստոսի 5-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, «Կոմայգի» կոչվող վայրում մի քաղաքացու հետ տեղի ունեցած վիճաբանության մասին բարձրաձայնելու համար: Հասնելով վարչական շենքի մոտ՝ աղմկել են, հայհոյանքներ հնչեցրել, ինչի կապակցությամբ բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո նրանցից երկուսը վիճաբանել են քաղաքացու հետ և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ մահակով հարվածելով նրան: Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք բռնություն են գործադրել նաև ծեծկռտուքին միջամտած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ և վարչական շենքում շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանության երկու աշխատակցի մարմնի տարբեր մասերին, պատռել նրանցից մեկի համազգեստի շապիկը և ուսադիրը: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Միջոցներ են ձեռնարկվում միջադեպին մասնակից մյուս անձին հայտնաբերելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե