Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրսում մեդալների են արժանանում, իսկ ներսում մարզվում անբավարար պայմաններում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
2-4

Ջրացատկորդների համար Հայաստանում մարզման պայմանները բավարար չեն։  Նրանք մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական մարզադպրոցում, սակայն այդ լողավազանը հին է, հարմարեցված  միայն մեկ պտույտով ցատկեր կատարելու համար:  Ջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը նկատում է, որ ստիպված են լինում զուգահեռ 3, 4 պտույտով թռիչքները մարզել դահլիճում: Իսկ ամբողջական ցատկը հաջողացնում են հղկել միայն մրցումների վայրում, թույլատրվող երկու մարզման ընթացքում: Բայց սա չի խանգարել արդյունք գրանցել միջազգային առաջնությունում։ Հայ ջրացատկորդներ Լև Սարգսյանը և Վլադիմիր Հարությունյանը օրերս 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել: «Անկախ Հայաստանի տարիներին, լողավազանի փակվելուց հետո ջրային մարզաձևերը վերացան, տարիներ անց այս հաջողությունն առաջին ծիծեռնակն էր», - ասաց գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը: Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զիջել է միայն  Ռուսաստանը եւ  Մեծ Բրիտանիան  ներկայացնող զույգերին։ Այս արդյունքներն աննախադեպ են անկախ Հայաստանի համար: Ռուսաստանում բնակվող ջրացատկորդ, 21-ամյա Լև Սարգսյանի խոսքով, իրենց ելույթով զարմացրեցին Եվրոպայի այս մարզաձևի էլիտային: «Մենք ապացուցեցինք, որ կարող ենք մրցակցային լինել, այնտեղ բոլորը զարմացած էին, որ կարողացանք այդպիսի աշխատանք կատարել», - ասաց մարզիկը: 20-ամյա Վլադիմիր Հարությունյանը նշեց, որ շարունակելու են աշխատել և հաջողությունների հասնել: Լև Սարգսյանը Եվրոպայի առաջնությանը նաև անհատական մարզաձևում է ելույթ ունեցել՝ զբաղեցնելով 7-րդ տեղը: Առաջին երկու ցատկից հետո շանսերը մեծ էին, սակայն հետո երկու ցատկ անհաջող կատարեց: Գլխավոր մարզչի խոսքով, 2019-ի աշխարհի առաջնության ժամանակ կփորձեն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Այդ նպատակին հասնելու համար առաջնությունից առաջ պետք է այլ երկրում ուսումնամարզական հավաք անցկացնեն, ինչի համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Ֆեդերացիային տարեկան մոտ 25,000 դոլար է տրամադրվում, ինչը բավարար չէ: