Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հեծանվային հաջողությունները, բանակի հարցն ու ֆինանսական խնդիրները (տեսանյութ)

Սպորտ
Lusine.00_02_38_05.Still020

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը պատրաստվում է  հերթական միջազգային առաջնությանը։  21-ամյա  հեծանվորդը   վերջին մարզումներն է անում մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից  առաջ։  Օգոստոսի 6-ին  Գլազգոյում տեղի ունեցած Եվրոպայի՝ հեծանվազքի մեծահասակների առաջնությանը Էդգար Ստեփանյանի գրանցած արդյունքները գոհացրել են նրա մարզիչներին։ Սկրեչ ձևում նա գրավել է 19-րդ, օմնիում մրցաձեւում՝   20-րդ, իսկ   40 կմ խմբակային վազքում՝ 8-րդ տեղը: Ստեփանյանի անձնական ու հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի խոսքով, արդյունքները հեծանվորդին բավականաչափ միավորներ են տվել համաշխարհային դասակարգման աղյուսակում առաջընթաց գրանցելու համար: «Մինչև մրցումներին մասնակցելը 20-րդ տեղում էր, այժմ միավորները կավելանան, առաջ կգնանք: Մենք մեկնում ենք մրցավայր լավագույն արդյունքներ ապահովելու համար, սակայն սա էլ Էդգարի համար քայլ առաջ է, քանի որ առաջնությանը նա մասնակցել է աշխարհահռչակ հեծանվորդների հետ», - ասաց մարզիչը: Էդգար Ստեփանյանից սպասելիքները մեծ են, թեեւ վերջերս է  տեղափոխել մեծահասակների խումբ։  2015-ին  նա ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում՝  դառնալով Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացած Հայաստանի առաջին հեծանվորդը։ Երիտասարդական մրցումներից մեծահասակների համար նախատեսվող առաջնություններին մասնակցելու անցման շրջանը հեծանվորդի մոտ սահուն է անցնում: «Սա իմ երկրորդ տարին է, որ մասնակցում եմ մեծահասակների մրցումներին, ոչ մի խնդիր չկա, նրանք բավականին մեծ են ինձանից, բնականաբար՝ ավելի մեծ փորձ ունեն, ավելի շատ մրցումների են մասնակցում, ինչն օգնում է հաջողությունների հասել, սակայն  անցած տարի նրանց հաղթել եմ, բոլորն էլ նույն մարզիկներ են, նույն մարզումներն ենք անում, չեմ տրամադրում ինձ, որ  եթե մեծ են, ուրեմն պետք է հաղթեն», - նշեց Էդգար Ստեփանյանը: Հեծանվորդի խոսքով, այսօրվա դրությամբ նրա հիմնական նպատակն Օլիմպիական ուղեգրի ձեռք բերումն է, որի համար պետք է մասնակցի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Մի քանի մրցում նա արդեն բաց է թողել, քանի որ ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի: Խոսելով անհաջողությունների մասին, Ստեփանյանն ասում է, որ կարևոր է չկենտրոնանալ պարտությունների վրա, շուտ մոռանալ նույնիսկ հաղթանակներն ու առաջ շարժվել՝ քրտնաջան աշխատելով: Այսօր՝ օգոստոսի 15-ին, Շվեյցարիայի Էգլ քաղաքում մեկնարկում է  երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի հեծանվորդ Տարոն Նիկողոսյանը: Արմեն Գյոզալյանը մի քանի պատճառ է նշում, թե ինչու են ստիպված մեկ մասնակից ունենալ կարևոր առաջնություններին.  «Առաջինը բանակի խնդիրն է, բանակից հետո տասից մեկն է, որ վերսկսում է պարապմունքները»: Մարզիչը նաև նշեց, որ Էդգար Ստեփանյանի մակարդակի հեծանվորդ պատրաստելու համար, Եվրոպայի և Աշխարհի աջանություններին ու Գավաթներին նրա մասնակցությունն ապահովելու, օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, տարեկան մոտ 100 ից 150,000 դոլար, մինչդեռ Հեծանվային սպորտի ֆեդերացիային 2018-ի բյուջեով 19 մլն դրամ է հատկացված՝ մոտ 40,000 դոլար: Միաժամանակ, մարզչի խոսքով, գոհ են 2011 ին կառուցված Երևանի հեծանվահրապարակից, իսկ Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիային վերջերս սվեր են ստացել բարձրագույն կլասի 5 հեծանիվ: