Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական լեռնաշխարհ» քայլարշավային արահետի մի մասը պատրաստ է (տեսանյութ)

Հասարակություն
38680964_1819738561440738_8269786733323747328_n-1

Լոռիի 47.2 կմ երկարությամբ քայլուղին, որը ձգվում է Նեղոցից Ծաղկաշատ և Հաղպատ, Ակներից Սանահին, Օձուն, Հոռոմայր և Քոբայր արդեն պատրաստ է շահագործման: Այն կառուցվող «Հայկական լեռնաշխարհ» արահետի մի մասն է: Քայլուղին կառուցվել է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը և իրականացնում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Հայ լեռնագնացների միության հետ համատեղ: «Աշխատանքներն ավարտվել են, քայլուղին ներառում է 6 գյուղ, իսկ ամբողջական արահետի աշխատանքները պետք է շարունակվեն, այն կձգվի մինչև Իրանի սահման՝ հասնելով մի քանի հարյուր կիլոմետրի: Նպատակը մեկն է՝ արշավային արահետների միջոցով կապել մի գյուղը մյուս գյուղի հետ, որպեսզի զբոսաշրջիկների հոսք ապահովվի, ինչը կնպաստի տարբեր ենթակառուցվածքների և գյուղական համայնքի զարգացմանը», - ասաց «Հայ լեռնագնացների ընկերակցություն» հասարակական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի (AHA Armenia) նախագահ, լեռնագնաց Գևորգ Գասպարյանը: Այսպիսով, ծրագիրն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար: Քայլարշավային արահետով արդեն զբոսաշրջիկներ են անցնում՝ ծանոթանալով տեղի մշակույթին:  ՄԱԶԾ  «Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանի խոսքով, փորձել են ապակենտրոնացնել բիզնեսը՝ այն Երևանից տեղափոխելով մարզեր. «Շահագրգռելով և մեր վրա վերցնելով բիզնեսի առաջնային ներդրումի ռիսկը՝ մենք կոչ արեցինք մասնավոր հատվածին մեր հետ մասնակցել մարզերում զբոսաշրջային ծառայությունների դիվերսիֆիկացիային»: Ծրագրի առաջնային խնդիրներից է կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ քաջալերելով նրանց մշակել նոր լուծումներ զբոսաշրջիկներին գրավելու համար: Արահետը նախատեսված է լինելու զբոսաշրջության ցանկացած տիպի համար: Ամբողջ արահետը Լոռիից Տավուշ է ձգվելու՝ Դսեղով, այնուհետև Տավուշից Դիլիջան, ապա՝ Կալավան գյուղով դեպի Գեղարքունիք, Սևանի ավազանի Արեգունի լեռնաշղթայի ստորոտով դեպի Վարդենիս և Վայոց ձոր: Այնուհետև, ուղու մի ճյուղը տանելու է դեպի Արցախ: