Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը խեղաթյուրում է իրականությունը. ԽԱՊԿ

Քաղաքականություն
AshotMeliqjan

Օգոստոսի 7-ին ՀՌՀ-ն մի հաղորդագրություն  է տարածել, որով փորձել է արձագանքել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հուլիսի 31-ի՝ «Ոչ մի բարեփոխում՝ միայն ստատուս քվոյի պահպանում» հոդվածին ։ Մեր հրապարակման մեջ, ըստ էության, երկու թեմա էր արծարծվում. մասնավոր հեռարձակման ցանցի՝ մուլտիպլեքսի գործունեության լիցենզավորման մրցույթի խնդիրը և դրա հետ կապված օրենսդրական փոփոխությունը, որը նախկին իշխանությունները (ամենայն հավանականությամբ՝ ՀՌՀ-ի հետ միասին) իրականացրել են լրագրողական կազմակերպություններից գաղտնի, առանց նրանց ներգրավման կամ գոնե հանրային քննարկումների։   Ակնկալվում էր, որ հանձնաժողովը պարզաբանումներով հանդես կգա։ Բայց իրականում, գլխիվայր շրջելով մեր բերած փաստերն ու փաստարկները, մեզ վերագրելով իրենց հորինած մտքերը և կիրառելով մանիպուլյատիվ այլ հնարքներ՝ ՀՌՀ-ն փորձում է թյուրիմացության մեջ գցել ոլորտի մասնագիտական խնդիրներից անտեղյակ հանրությանը։ Հետևաբար՝ անհրաժեշտ ենք համարում լրացուցիչ պարզաբանումներով անդրադառնալ հիմնական հարցերին։   Նախ՝ «ամենասուր» մեղադրանքի մասին, որն արծարծվում է ՀՌՀ հաղորդագրության թե՛ առաջաբանում, թե՛ վերջաբանում։ Իսկապես, «միայն շատ հարուստ երևակայություն ունեցողը» (իրենց ձեւակերպումն է – ԽԱՊԿ) կարող է ԽԱՊԿ-ին ու անձամբ Աշոտ Մելիքյանին վերագրել այն «պնդումը», թե մասնավոր մուլտիպլեքսի լիցենզավորման մրցույթում դիմումների ընդունման ժամկետը օրենսդրորեն 3 ամսով ավելացնելը մարտահրավեր և սպառնալիք է խոսքի ազատության համար։ Մենք այսպիսի բան անգամ չենք ակնարկել։ Բավական է վերոհիշյալ հղումով կրկին կարդալ մեր հոդվածը՝ համոզվելու համար, որ այդպիսի միտք այնտեղ չկա և չէր էլ կարող լինել։ Մենք ասել ենք և հիմա էլ պնդում ենք, որ նախորդ երկու տարիների մրցույթներին հայտատուների բացակայությունը պայմանավորված է եղել ոչ թե դիմումներ ներկայացնելու ժամկետներով (3 ամիսը քիչ չէր), այլ մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու համար այն անընդունելի պայմաններով ու պահանջներով, որոնք նախատեսված են օրենքով։ Ուստի, օրենքի փոփոխություններով պետք է վերանայվեին այդ պայմանները՝ դրանք բիզնեսի ու հեռարձակման ոլորտի զարգացման համար հրապուրիչ դարձնելով։ Իսկ դիմումներ ներկայացնելու ժամկետի երկարաձգելը մենք համարել ենք «պարզունակ և հարցը չլուծող» մոտեցում։   Կարծում ենք, մտքերի տարբերությունն ակնհայտ է։ Ինչպես և ՀՌՀ-ի կողմից կիրառված մանիպուլյացիան։ Եվ այսպիսի հանձնաժողովը կարգավորում է հեռարձակման ոլորտն ու վերահսկում հեռուստառադիոընկերությունների գործունեությունը…     Քանի որ ՀՌՀ-ն իր պարտքն է համարել, վերոնշյալից բացի, 5 կետից բաղկացած «պարզաբանումներ» ներկայացնել, մենք էլ նույն հերթականությամբ կանդրադառնանք դրանց։ Այսպիսով՝  

  1. Պետք չէ զարմանալ, որ մենք միայն հիմա՝ հոդված պատրաստելիս ենք տեղեկացել մի օրենսդրական փոփոխության մասին, որը ՀՀԿ-ական իշխանությունը գաղտնի պայմաններում է մշակել ու ընդունել է առանց բաց հանրային քննարկման։ Տվյալ պարագայում բարեկրթությունը պահանջում է, որ ՀՌՀ-ն ափսոսանք հայտնի, որ այդպես է ստացվել, և հավաստիացնի, որ այսուհետ հեռարձակման ոլորտին վերաբերող ցանկացած օրենսդրական փոփոխություն կքննարկվի շահագրգիռ լրագրողական կազմակերպությունների հետ։ Ինչ վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսի խնդրին, ապա ՀՌՀ-ում գիտեն, որ Աշոտ Մելիքյանը դրանից քաջատեղյակ է և իր դիտարկումների ընթացքում օգտվել է բոլոր բաց աղբյուրներից, իսկ այն, ինչ հասու չի եղել, վաղ թե ուշ բացահայտել է, ինչպես հիմա տեղի ունեցավ։
 
  1. Իհարկե, մենք շատ լավ տեղյակ ենք, որ ՀՌՀ-ն օրենսդրական նախաձեռնությունների իրավունք չունի։ Բայց որպես ոլորտը կարգավորող մարմին՝ հանձնաժողովն ուղղակի պարտավոր է օրենսդրական բարեփոխումների առաջարկություններ պատրաստել և ներկայացնել կառավարությանն ու խորհրդարանին, ակտիվ աշխատանք տանել դրանց ընդունման համար։ Մինչդեռ՝ ՀՌՀ-ն գրեթե միշտ արել է հակառակը. գործել է այնպես, ինչպես պահանջել է օրվա քաղաքական իշխանությունը։ Իսկ վերջինս օրենքները հարմարեցրել է իր շահերին՝ անտեսելով կուտակված խնդիրների լուծման անհրաժեշտությունը։
 
  1. Առնվազն պարկեշտ չէ ապատեղեկատվություն անվանել մեր այն պնդումները, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված գրեթե բոլոր փոփոխություններն ու լրացումները մշակվել են փակ դռների հետևում, և որ օրինագծերի պատրաստման փուլում ՀԿ-ներին ներգրավելն առհասարակ բացառվել է։ Նախ՝ ՀՌՀ-ի հաղորդագրության հեղինակը (կամ հեղինակները) անբարեխիղճ մեջբերմամբ հեռացրել է մեր տեքստից «գրեթե» բառը՝ ընդլայնելով իր «փաստարկների» մանիպուլյատիվ հնարավորությունը։ Բայց առավել անթույլատրելին այն է, որ անտեսվել կամ աղավաղվել են ակնհայտ փաստերը։ Ահա դրանք. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում 2015թ. դեկտեմբերի 18-ի փոփոխությունները և լրացումները, որոնք վերաբերում են մասնավոր մուլտիպլեքսին ու մարզերում գործող տեղական հեռուստակայաններին, մշակվել են առանց լրագրողական կազմակերպությունների մասնակցության և ընդունվել են առանց նրանց հետ քննարկումների, էլ չենք խոսում խորհրդարանական լսումների բացակայության մասին։ Նույնը վերաբերում է 2017թ. մայիսի 31-ի, արդեն հիշատակված 2017թ. հոկտեմբերի 27-ի, ինչպես նաև՝ 2018-ի մարտի 23-ի փոփոխություններին ու լրացումներին։ Իսկ տեղեկությունն այն մասին, որ գոյություն ունի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ, լրագրողական կազմակերպություններին և նույնիսկ հեռարձակողներից շատերին հասու դարձավ միայն այն ժամանակ, երբ 2017թ. նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն տվեց այդ փաստաթղթին։ Եվ եթե օրինագծի ուղարկելը խորհրդարան կանխվեց, իսկ ամիսներ անց Արդարադատության նախարարությունն ու ոլորտի պատասխանատուները քննարկեցին այն մեզ հետ, դա ոչ թե վերջիններիս նախաձեռնությունն էր, այլ մեր համառ պայքարի՝ երկու հայտարարությունների, ասուլիսների, բազմաթիվ հրապարակումների, վարչապետին անձամբ դիմելու արդյունք։ Եվ ի՞նչ։ Քննարկեցինք մի փաստաթուղթ, իսկ ԱԺ ներկայացվեց բոլորովին ուրիշը. ոչ թե նոր օրենքի, այլ գործող օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծ։ Եվ կրկին նույն ոճով։ Այն նոր չէ, կարելի է բազմաթիվ նման օրինակներ բերել։ Դա նախկին իշխանության և իր ձևավորած ՀՌՀ-ի աշխատաոճն է եղել։ Ուստի պնդում ենք. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված գրեթե բոլոր փոփոխություններն ու լրացումները մշակվել են փակ դռների հետևում, առանց լրագրողական կազմակերպությունների մասնակցության։ Դա կհաստատեն նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանը և ուրիշներ։
 
  1. ՀՌՀ-ի մեղադրանքը, թե՝ «առաջ քաշելով փոքր մարզային մուլտիպլեքսների գաղափարը, ԽԱՊԿ-ը ցանկանում է հավերժացնել պետական մուլտիպլեքսի մենաշնորհը»՝ պարզունակ զրպարտություն է։ Ռուսներն այս պարագայում ասում են. «с больной головы на здоровую»: Ինքներդ ձեր լծակներով հանդերձ չեք կարողանում կարգավորել այլընտրանքային մուլտիպլեքսի հարցը, ԽԱ՞ՊԿ-ն է մեղավոր։ Գոյություն ունի ԱԺ ներկայացված մի օրինագիծ, որով մենք՝ լրագրողական կազմակերպություններս, առաջարկում ենք հնարավորություն տալ ստեղծելու և՛ համապետական, և՛ մեկ կամ մի քանի մարզեր, և՛ մեկ կամ մի քանի համայնքներ ընդգրկող մասնավոր մուլտիպլեքսներ։ Իսկ պետական մուլտիպլեքսի մենաշնորհի հաղթահարման անհրաժեշտության ու դրա հնարավորությունների մասին բազմիցս ենք հրապարակայնորեն խոսել ու գրել։ Վրացական փորձին էլ անդրադարձել ենք, որպեսզի ցույց տանք, որ հարևան երկրում հեռարձակման թվայնացման արդյունքում չտուժեց ոչ մի հեռուստաընկերություն, նույնիսկ մարզերի ամենափոքր կայանները «մուլտիպլեքսավորվեցին», որովհետև օրենքը ճկուն է, քաղաքական որոշումներն էլ՝ առողջ։ Նույնը չես ասի Հայաստանի մասին. մարզերում գործող 10-ից ավել հեռուստաընկերություններ արատավոր քաղաքականության հետևանքով դուրս մնացին թվայնացման գործընթացից և հայտնվեցին ծայրահեղ ծանր վիճակում։ Վրաստանում մեկ պետական մուլտիպլեքսին զուգահեռ ստեղծվեցին երեք համեմատաբար խոշոր և մարզերում գործող բազմաթիվ մանր մասնավոր մուլտիպլեքսներ։ Հայաստանում բոլոր հեռուստաընկերությունները «խցկված» են մեկ պետական ցանցում։ Եվ ոչ մի մրցակցություն ու բազմազանություն։ Սա՞ է ձեր աշխատանքի արդյունքը։
 
  1. Վերոհիշյալ 10 տեղական հեռուստաընկերությունների մասին ՀՌՀ-ի հոգածությունը, ինչպես կասեր Մարկ Տվենը, «խիստ չափազանցված է»։ Թե ինչպես է հանձնաժողովն արձագանքել նրանց առաջարկներին ու խնդրանքներին, թող ասեն Վանաձորի «Լոռի», Գյումրու «ԳԱԼԱ» և «Շիրակ», Ալավերդու «Անկյուն+3», Արմավիրի «ԱԼՏ» և մի շարք այլ հեռուստաընկերությունների ղեկավարները։ Իսկ մենք կարող ենք վկայել, որ այս տեղական հեռարձակողները դուրս մնացին թվայնացման գործընթացից ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության, անհիմն օրենսդրական սահմանափակումների, կանխակալ և անարդար մրցույթների, սուբյեկտիվ և աչառու որշումներ կայացնելու ու իրականացնելու հետևանքով։ Իրականում թվային դարաշրջանում այդ կայաններին անալոգային տիրույթում աշխատելու հնարավորություն ընձեռելը բնավ էլ հարցի լուծում չէ, այլ խորամանկ մի քայլ. մի կողմից, հնարավոր է խուսափել միջազգային կազմակերպությունների քննադատությունից, թե թվայնացման հետևանքով տեղական կայաններ են փակվել, մյուս կողմից՝ անհավասար մրցակցության պայմաններում դրանք իսկապես կամաց-կամաց կդադարեն գործել, և կստացվի, որ պետությունը դրանում մեղք չունի։ Եվ այս մոտեցումը ՀՌՀ-ն ներկայացնում է որպես մեծ հոգածություն։ Ինչ վերաբերում է այդ հեռուստաընկերությունները հանրային թվային ցանցում ներառելուն, ապա այս գաղափարը ամենևին էլ ՀՌՀ-ինը չէ և արծարծվել է զուտ քննարկումների մակարդակով, բայց երբեք չի ունեցել լուրջ օրենսդրական, տեխնիկական ու ֆինանսական հիմքեր և հիմնավորումներ։ Այդ պատճառով էլ չի իրագործվել։ Հետևաբար՝ ասել, թե տեղական հեռուստաընկերությունները «տարբեր պատճառաբանություններով … չցանկացան կամ չկարողացան քայլեր ձեռնարկել» հանրային թվային տիրույթում ընդգրկվելու համար, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ։
  Եվ վերջում մի խորհուրդ ՀՌՀ-ի հաղորդագրության հեղինակին (կամ հեղինակներին). եթե խնդիրներից եք խոսում, մի՛ անձնավորեք ասելիքը։ Թե չէ՝ ինքներդ եք շատ խոցելի դառնում։     ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ