Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուսավոր Հայաստան»-ը չի շտապեցնում իր գործընկերներին , բայց անգործ էլ չի մնում (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-2-1

Օգոստոսի 2-ին  Երեւանի  ավագանու  «Ելք»  խմբակցության անդամները «Սանիտեկ» ընկերությանը ներկայացրել են աղբահանությունը պատշաճ իրականացնելու  պահանջ: « «Սանիտեկ»-ը մեր պահանջին պատասխանել է նամակով եւ բերել է փաստարկներ, որոնք մենք միշտ լսել ենք:  Փոխարենը կարող էր ուղարկել սպիտակ թուղթ, վրան գրված՝ կրկնում են իմ նախորդ ասածները»,- ասում է  Երեւանի  ավագանու «Ելք»  խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Լուծումը թաքնված է տարիներ առաջ տեղի ունեցած գործարքում, հավելում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ  Խաժակյանը: Ըստ նրա, ի սկզբանե  նախատեսված է եղել Երեւանը բաժանել երկու մասի, հայտարարել մրցույթներ եւ քաղաքի աղբահանության գործառույթը հանձնել   2 տարբեր օպերատորների: Արդյունքում պայմանագիր կնքվեց միջազգային «Սանիտեկ» ընկերության հետ,  որը գրանցված է Բեյրութում, իսկ երկրորդ կազմակերպության համար այդպես էլ մրցույթ չհայտարարվեց: «Բայց որպեսզի լիներ  2 իրավաբանական անձ, գրանցեցին «Սանիտեկ Ինթերնեյշնլ» ընկերությունը , որը գրանցված է Հայաստանում եւ հանդիսանում է այլ իրավաբանական անձ, բայց պայմանագրերի տակ ստորագրող, կնքող անձը նույնն է: Եվ այս ընկերությունն է իրականացնում ամբողջ քաղաքի աղբահանությունը եւ սանմաքրումը», -ասաց նա: Դավիթ Խաժակյանն առաջարկում է խզել պայմանագրերից մեկը եւ հայտարարել նոր միջազգային մրցույթ, ներգրավել նոր օպերատորի, որը կիրականացնի աղբահանումը քաղաքի մյուս կեսում: «Սա հնարավորություն կտա մոնոպոլիան վերցնել«Սանիտեկ»-ից եւ ստեղծել մրցակցային դաշտ: Նրանք կմրցեին միմյանց հետ, և մենք կհասկանայինք, որ քաղաքի մի կեսում խնդիրները շատ են, իսկ մյուսում դրանք չկան, ապա այդ խնդիրները կապված են վատ կառավարման հետ»:   Դավիթ Խաժակյանը հավելեց, որ  այս առաջարկը պատրաստվում են ներառել իրենց նախընտրական ծրագրում, քանի որ գործող քաղաքային իշխանությունը, որն ամիսներ անց չի լինելու, դժվար թե կարողանա այն կյանքի կոչել:  Իսկ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ինչ ձեւաչափով են մասնացելու առաջիկա Երեւանի ավագանու ընտրություններին, Դավիթ Խաժակյանը նշեց. «Դեռեւս վերջնական որոշում չկա: Թե «Լուսավոր Հայաստան», եւ  թե «Հանրապետություն» կուսակցությունները  հայտարարել են, որ եթե «ՔՊ»-ն  որոշի առանձին ցուցակով մասնակցել ընտրություններին,  ապա մենք պատրաստակամ ենք 2 կուսակցությունով դաշինք կազմել եւ քննարկում ենք Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Մենք մեր գործընկերներին չենք ցանկանում շտապեցնել, բայց եւ չենք ցանկանում անպատրաստ մասնակցել ընտրություններին, դրա համար նախապատրաստական աշխատանքներն  ընթացքի մեջ են: Եվ եթե որոշում կայացվի՝ «Ելք» դաշինքի ձեւաչափը կմեկտեղվի, իսկ եթե ոչ, ապա մեր ծրագրերը հանդես կգան որպես ինքնուրույն քաղաքի զարգացման ծրագրեր»,-ասաց նա: