Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյումրեցուն ասում են գլուխգովան, լոպազ, դա ինքնանպատակ բան չէ». Հասմիկ Կիրակոսյան (տեսանյութ)

Մշակույթ
hasmik-1

«Հայաստանում  նոր մշակութային անուն է լույս աշխարհ եկել՝ համայնքային մշակույթ: Համայնքայինը ո՞րն է, -ասում է Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: Մենք ունենք ազգային մշակույթ: Իսկ ազգային մշակույթը, այո՛ չպետք է մայրաքաղաքում կուտակվի: Նրա խոսքով ապակենտրոնացման գործընթացը սխալ է իրականացվում և արդյունքում մարզերի մշակութային կյանքն օրինաչափ չի զարգանում: «Մայրաքաղաքում  «Ոսկե ծիրան» ու «Էրեբունի-Երևան» տոնախմբություն, փառատոններ են կազմակերպում, բա ու՞ր են մարզերը, այս միջոցառումներին ինչու՞ են անմասն մնում: Որ ման գաք, մարզերից մեկին չեք գտնի», -իր վրդովմունքն է հայտնում տիկին Կիրակոսյանը։   Հայոց աշխարհը քաղաքապետի խորհրդականը համեմատում է հայկական կարպետի հետ, իր նախշերի բազմազանությամբ ու բազմերանգությամբ: «Մեր մշակույթի համն ու հոտը, - ասում է նա,- մեր տարատեսակ ավանդույթներն ու մեր բարբառներն են, որը պետք է գոհարների պես պահենք, պահպանենք»: Տիկին Կիրակոսյանի խոսքով, Արցախն, օրինակ, ճիշտ մշակութային քաղաքականություն է իրականացնում: Հայոց գորգերի, հայոց բարբառների թանգարաններ է բացել: Այսինքն, տեղի մշակույթը պետք է պահել ու զարգացնել, որն էլ կհարստացնի ազգային մշակույթը: «Իսկ, օրինակ, մշակութային քաղաք Գյումրին, ցավոք դեռ չունի այն բարձունքը, որն ուներ մինչև երկրաշարժը: Դա, որպես հիսուն տարվա մշակույթի գործիչ, իմ կարծիքն է»,-ասում է տիկին Կիրակոսյանը: Նրա խոսքով, մշակույթը այն հենասյունն է, որով ժողովուրդը հարատևել է, մշակույթն անդավաճան ծառայել է իր ժողովրդին: Եվ ժողովուրդն էլ պետք է իր մնայուն մշակույթին հավատարիմ մնա, մեծ ուշադրության արժանացնի, ոչ թե թափթփուկներին տեղ տա: «Գյումրին միշտ էլ առաջադեմ մշակութային քաղաք է եղել, վարպետաց քաղաք է եղել -ասում է տիկին Կիրակոսյանը ու հումորով պատմում, թե ինչպես Նիկոլայ ցարը եկել է Գյումրի, հիացել, գնացել է եղբորը պատմել յոթ եկեղեցիների քաղաքի մասին, սա էլ եկել, տեսել, հիացել ու վարպետներին ասել է՝ միայն մի բան սխալ եք արել՝ քաղաքի տակ պետք է անիվներ դնեիք, որ տանեիք աշխարհին ցուցադրեիք, աշխարհն էլ տեսներ, հիանար»: «Գյումրեցուն ասում են գլուխգովան, լոպազ, դա ինքնանպատակ բան չէ, -իր խոսքը շարունակում է տիկին Կիրակոսյանը:- Գյումրեցին գլուխ գովելու տեղ ունի»: Հետաքրքիր ծրագրեր ունեն իրականացնելու և տիկին Կիրակոսյանը համոզված է, որ Գյումրին դեռ չպեղված քաղաք է, և այս քաղաքը դեռ շատ բան ունի ասելու աշխարհին: