Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաղացողը». Դոնալդ Թրամփը նրան «արքա» էր անվանում

Կարևոր լուրեր Մշակույթ
kerkorian_672470280

Հերոս ռազմաօդաչու, մարտնչող բռնցքամարտիկ, հանճարեղ ֆինանսական գործարքներ կատարող միլիարդատեր, որ ճանապարհորդում էր առանց շքախմբի ու թիկնապահի, տանում ինքն իր ճամպրուկները, վարում մեքենան և իր սեփական հյուրանոցներում վճարում իր սննդի ու սենյակի համար: Միլիոններ էր տալիս բարեգործության համար և գտնում, որ բարեգործությունը բարեգործություն չէ, երբ ինչ-որ բան է ակնկալվում դրա դիմաց:   Նրա գործընկեր Դոնալդ Թրամփը նրան «արքա» էր անվանում: Թերի կրթությամբ ու դատարկ գրպանով հայ ներգաղթյալների որդին՝ Քըրք Քըրքորյանը, որ իրականություն դարձրեց ամերիկյան երազանքը՝ անցնելով «թշվառ փողոցից դեպի գլխավոր փողոց» տանող ճանապարհը, դառնալով ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ ու ամենաառատաձեռն մարդկանցից մեկը, հազվադեպ էր հարցազրույցներ տալիս, և իր անձնական տարածքի պահպանումը ամեն ինչից վեր էր գնահատում: «Խաղացողը» փաստագրական բեսթսելերը, որ լույս է տեսել այս տարի հունվարին, բիզնեսի հանճար Քըրքորյանի իննսունութամյա կյանքի պատմությունն է: Գրքում բերված բոլոր մեջբերումներն ու նկարագրությունները հիմնված են ականատեսների հուշերի կամ հրատարակված պատմությունների վրա: Գրքի հեղինակը՝ հետաքննիչ լրագրող Ուիլյամ Ռեմփլն է, հայերեն թարգմանության հեղինակը և հրատարակիչը՝ «Էդիթ Պրինտն» է, թարգմանության հեղինակները՝ Ալինա և Աննա Միրզոյանները: «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը նշեց, որ հրատարակչության համար մեծ պատիվ է Քըրք  Քըրքորյանի նման մեծանուն հայի մասին պատմող գիրքը հրատարակելը: Գրքի շնորհանդեսը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ, կազմակերպեց Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի պատվին` վերջերս տեղադրված արձանի հարակից տարածքում: «Քըրքորյանն այն պահին իր առատ ձեռքը մեկնեց Գյումրիին, երբ  Գյումրին  ավերված էր  և նրա տրամադրած 151 մլն դոլարը  դարձան  թաղամաս, բանուկ փողոցներ ու մշակույթի օջախներ»,- ասաց Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: Կազմակերպիչների խոսքով, սա ՔըրքԱրշավի մեկնարկն է: Գիրքը շնորհանդեսներով կներկայացվի նաև այլ մարզերում, նաև Երևանում: