Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդիների ցեղասպանության ճանաչման գործընթացը գնահատում եմ բավարար. Ռուստամ Մախմուդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
maxmud

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Հայաստանում եզդիական համայնքը հիշում և խոնարհվում է  2014 թվականի նույն օրը «Իսլամական պետության» կողմից Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում ցեղասպանության ենթարկված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակի առջև:  «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, ընդգծելով, որ տեղի ունեցածը եզդիների նկատմամբ իրականացված 74-րդ ցեղասպանությունն է, կոչ արեց ճանաչել ու դատապարտել այն: «Եզդի ժողովրդի ներկայացուցիչները Իսլամական պետություն  կոչվող հրոսակախմբի կողմից ենթարկվեցին ցեղասպանության, բոլորին անխնա կոտորեցին, ավերեցին մեր բնօրրանը, մի մասին էլ՝ մեր երեխաներին ու կանանց, տարան գերության, 21-րդ դարում նորից ստրկավաճառությունը բերեցին աշխարհ՝ վաճառելով մեր եզդի կանանց ու երեխաներին»:  Երևանի Օղակաձև այգում տեղադրված նորածնին գրկած մոր հուշարձանը հատուկ խորհուրդ ունի: «Մայրը մեր բնօրրանն է, մեր հայրենիքն է,  երեխան մենք ենք, մայրը երեխային գրկել է, որպեսզի չվնասեն, չսպանեն իր երեխային, բայց հայացքով հառել է դեպի Շանգալը, մեր բնօրրանը, խորհրդանիշն այն է, որ մենք երբեք Շանգալը չենք տա ոչ ոքի, մենք կվերադառնանք մեր բնօրրանը», - նշեց Ամո Շարոյանը:  Մի շարք պետություններ և միջազգային կազմակերպություններ տարբեր բանաձևեր են ընդունել, որոնցով Իսլամական պետության գործողությունները եզդիների նկատմամբ` որակել են որպես ցեղասպանություն: Մասնավորապես՝ եզդիների ցեղասպանությունը ճանաչվել է Եվրախորհրդարանի և ՄԱԿ-ի կողմից: 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը  Հայաստանի խորհրդարանը ճանաչեց  2018-ի հունվարի 16-ին՝ 91 կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:  «Նախագիծն ընդունվեց կոնսենսուսով բոլոր դիմադիր և ընդդիմադիր ուժերի կողմից: Այդպիսի փաստաթղթեր տարբեր պետություններ արժանանում են դեմ և կողմի, բայց Հայաստանում միաձայն ընդունվեց, ցեղասպանություն ապրած ժողովուրդը չէր կարող աչք փակել և անտեսել այն, ինչ տեղի էր ունեցել եզդի ժողովրդի նկատմամբ», - նշեց միջոցառմանը ներկա ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: ԱԺ պատգամավորը եզդիների ցեղասպանության ճանաչման գործընթացը գնահատում է բավարար՝ ընդգծելով, որ այն շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:  2015-ի տարեվերջին եզդիներին հաջողվեց իսլամիստներից ազատագրել Շանգալը. Մախմուդյանը մտադիր է ԵԽԽՎ-ում կրկին բարձրացնել եզդիների՝ իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացի հարցը. «Դա շատ կարևոր է, այսօր թեև ազատագրված լինելով հանդերձ, այնուամենայնիվ, մենք ունենք հազարավոր փախստականներ, որոնք չունեն որևէ երաշխիք և հետևաբար հզոր գերտերությունների առաջին գործուն քայլերը պետք է լինի այն, որ երաշխավորելով նրանց վերադարձը, իրենք կապրեն իրենց բնօրրանում, այնպես ինչպես նախկինում»: