Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարստանում են մի խումբ մարդիկ, իսկ ժողովրդին մնում են ապականված ջրերն ու հողերը. Ռուբեն Ջրբաշյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
ruben2

Դեռ մինչ խորհրդային տարիները, դրսում փայլուն կրթություն ստացած երիտասարդ երկրաբաններ եկան Հայաստան և դրեցին դասական երկրաբանության հիմքը։ Նրանց  թվում էր ԵՊՀ  երկրաբանության ֆակուլտետի հիմնադիր, Փարիզի Սորբոնի համալսարանում ուսանած Տիգրան Ջրբաշյանը։  «Այդ փայլուն մասնագետները ստեղծեցին երկրաբանական կառույցներ, գիտություն, որը հեշտությամբ փլուզեցինք հետխորհրդային տարիներին»,- ցավով փաստում է ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը։ «Դասական երկրաբանությունը՝ որ ես եմ սովորել՝ բոլորովին փոխվել է, դաշտից տեղափոխվեց սենյակներ, լաբորատորիաներ: Մենք ամիսներով վրաններում էինք ապրում: Այսօր գիտական սարքավորումների ժամանակն է, որը, սակայն թանկ հաճույք է: Կա այս սարքավորումները ձեռքբերելու խնդիր: Եվ այս խնդիրը շատ է խանգարում երկրաբանական ուսումնասիրություններում նոր ժամանակներին համընթաց քայլել: Ունենք լավ կադրեր, սակայն չունենք ժամանակակից բազա»: Հանքավայրը պատրաստելը և հանքավայր շահագործելը հեշտ գործ չէ: Այսօր, որ այսքան հանքավայրեր կան, հիմնականում՝ նախկին տարիներին երկրաբանական աշխատանքների արդյունքն է, որոնց նյութերը պահվում են երկրաբանական ֆոնդերում և հիմնականում այդ նյութերն օգտագործելով են բացում հանքավայրը, և  անգամ գումար չեն ներդնում՝ գոնե պաշարները հաշվելու համար: Հանքավայրը բացելուց հետո պարզվում է, որ պաշարները չնչին են և մի որոշ ժամանակ շահագործելուց հետո հանքավայրը փակվում է: Արդյունքում հարստանում են մի խումբ մարդիկ, իսկ ժողովրդին մնում են ապականված ջրերն ու հողերը: Հանքավայրը շահագործելուց հետո պետք է կարողանալ նաև վերականգնել այն, որը նույնպես մեծ գումարների հետ է կապված: «Բնապահպանություն ասածը՝ հարուստ երկրները կարող են իրենց թույլ տալ, -ասում է պարոն Ջրբաշյանը: Ոչ զարգացած երկրները մեծ գումարներ չեն կարողանում տրամադրել և ստացվում է, որ միայն բարբարոսաբար օգտագործում ենք: «Մոտակա պատերազմները կլինեն ոչ թե նավթի ու ոսկու՝ այլ ջրի համար: Մենք ունենք ջրի պաշարներ, սակայն չունենք հեռատեսություն»,- ասում է հայտնի, վաստակաշատ երկրաբանը: Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական, այլ նաև ռազմավարական նշանակություն ունի և հայ ժողովրդի գոյատևման համար է։  Կա օրենք, որը թույլ չի տալիս Սևանի ավազանում երկրաբանական որևէ աշխատանք իրականացնել, սակայն նույնիսկ օրենքն է անտեսվում»,- հավելում է երկրաբանը։  «Վերջին տարիներին ո՞ւմ են խորհրդական նշանակում՝ չգիտեմ»,-հռետորական հարց է բարձրացնում  պարոն Ջրբաշյանը։ Մտավորականը  սակայն համոզված է, որ այդ խորհրդականները առաջին հերթին ազգասեր պետք է լինեն, գիտելիք ունենան, զարգացած լինեն: