Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե խնդիրը չլուծվի, վրանները միասին  կխփենք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հասարակություն
Untitled3-1

Եկմալյան փողոցի   բնակիչները խոստանում են իրենց նախկին բնակարանների տեղում վրաններ տեղադրել եւ մնալ այնտեղ այնքան,  մինչեւ կառավարությունը չլուծի իրենց խնդիրը: Նրանք խոստանում են նաեւ փակել շենքի մուտքը ու  կաթվածահար անել ավտոմեքենաների շարժը:    «Արդեն քանի տարի է ասում են՝ սպասեք: Հոգնել ենք ու այլեւս սպասել չենք պատրաստվում:  Այստեղ  իմ հողի տարածքն է, այն դեռ փոխհատուցված չի, բայց առանց իմ թույլտվության  հիմա շահագործվում է»,-«Ա1+»-ին պատմեց բնակիչներից Անի  Խուդավերդյանը: Հանրային գերակա շահի այս զոհերը  տասնհինգ տարի առաջ  պայմանագիր են կնքել կառավարության որոշմամբ տարածքում կառուցապատում իրականացնող «Գրադինվեստ»  ընկերության հետ, սակայն  մինչ օրս իրենց տների տեղում վեր խոյացող էլիտար շենքներում ոչ բնակարան են ստացել,  ոչ էլ որեւէ փոխհատուցում: Հակառակը, հայտնաբերվել են բազմաթիվ կեղծարարություններ, պարզվել է նաեւ,   որ նրանց  բնակարանները արդեն վաղուց   վաճառված են:  «Բավականին թվով ստորագրություններ   ու փաստաթղթեր են կեղծվել , մարդիկ այդ մասին նույնիսկ տեղյակ չեն եղել:   Հիմա փաստաբանները հավաքագրում են բոլոր փաստաթղթերը, քանի որ ցանկանում են գործերը ուղարկել ԱԱԾ   ու  Դատախազություն: Ես էլ ունեմ փաստաթղթեր,  որը պայթուցիկ ական է լինելու: Դրանք  կհրապարակեմ առաջիկայում»,-«Ա1+»-ին պատմեց նախկին  բնակիչներից Վահան Սարուխանյանը:  ԲՀԿ-ից   քաղաքապետի թեկնածու Նարիա Զոհրաբյանի ու «ԵԼՔ»  խմբակցության  ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ Եկմալյան փողոցի բնակիչները ներկայացրեցին  խնդրի լուծման իրենց տարբերակը:   «Կա ներդրող, որը  առաջարկել է այս տարածքում կառուցել բազմաբնակարան շենք ու փոխհատուցել բնակիչներին:  Սակայն, երբ դիմել է շինթույլտվության համար, իրեն   մերժել են: Մենք կուսումնասիրենք  մերժման հիմքերը, կփորձենք լուծել այդ խնդիրը»,- ասաց  «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը.   «Ռացիոնալ լուծում է պետք գտնել: Կհանդիպենք ներդրողի ներկայացուցչի հետ,  նրա հետ կքննարկենք նախագիծ, որը կհամապատասխանի  ճարտարապետական նորմերին»,-բնակիչներին վստահեցրեց քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, հետո ավելացրեց՝ եթե խնդիրը չլուծվի,  վրանները միասին  կխփենք:      Ի դեպ, պայմանագիրը կնքելու ժամանակ Եկմալյանի բնակիչները իրավաբաններ չեն ունեցել. «Ելք»  խմբակցության ավագանու անդամները խոստացան, որ պայմանագրերը կուսումնասիրվեն եւ  հարկ եղած դեպքում կպահանջեն, որպեսզի  հարուցվեն  քրեական գործեր: