Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող ՀՀԿ-ն հասկանա՝ իր ամենամեծ թշնամին Սերժ Սարգսյանն է» (տեսանյութ)

Հարցազրույց Քաղաքականություն
grigor

Մինչեւ չբացահայտվի հոկտեմբերի 27-ը, մարտի մեկը, մենք ապագա չունենք: «Երեւի Ռոբերտ Քոչարյանը հիմա Նաիրի Հունանյանի կողքն է նստել, նրա տեղն այնտեղ է: Թող Ռոբերտ Քոչարյանն ասի՝ որ Նաիրի Հունանյանի հետ այդքան զրույց է ունեցել, ձայնագրությունն ո՞ւր է: Աշխարհում չլսված բան է՝ երբ որ ահաբեկչի հետ բանակցությունների է գնում եւ նա չի ձայնագրում...Գիտե՞ք ինչի համար՝ սովորաբար, ձայնագրում են, որպեսզի հոգեբանները գնահատեն ահաբեկչի վարքագիծը, որպեսզի մշակեն պլաններ, թե հետագայում ինչ պետք է արվի»,- «Ա1+»ի հետ զրույցում ասաց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը:               Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած քաղաքական ուժի փոխնախագահը համոզված է՝ այսօր կա քաղաքական կամք երկու ոճրագործությունների բացահայտման համար ու դա նոր Կառավարության կողմից ոչ վենդետա է, ոչ էլ վրեժխնդրություն. «ՀՀԿ-ի, Սերժի եւ Ռոբերտի մաֆիան էսօր դեռ ակտիվ գործում է, եւ պետք է գնահատականները խիստ լինեն, հանցագործները բոլորը պատժվեն, եւ հանցագործների տեղը բանտն է»: 2008թ. Գրիգոր Հարությունյանն ակտիվ մասնակցում էր ընդդիմության բոլոր գործընթացներին ու Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա անհիմն է համարում իրեն հասցեագրված մեղադրանքը, նրա համար սպասելի էր: Սակայն անսպասելի էր ՀՀԿ 41 պատգամավորների ստորագրահավաքը, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությունը ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. «Շատ ճիշտ կլիներ, եթե գնահատականը լիներ հետեւյալը՝ ամեն ինչ լիներ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում: Սա կլիներ ցանկացած պետության գնահատական եւ մոտեցում. հասարակության մեջ չէր լինի այնպիսի տպավորություն, որ ՌԴ-ն խառնվում է մեր ներքին գործերին»: Ռոբերտ Քոչարյանը նաեւ վստահեցնում էր, թե ինքը տեղյակ չի եղել 2008թ. փետրվարի 23-ին ստորագրված 0038 հրամանից, երբ բանակը ներքաշվեց ներքաղաքական զարգացումներին: Մինչդեռ Միքայել Հարությունյանը Փաստահավաքի խմբին ասել էր, որ այդպիսով կատարել է գերագույն, գլխավոր հրամանատարի հրամանը. «Ինքն իր այդ ելույթով ցույց տվեց, որ ինքը գցող է: Տղամարդ ես, կանգնի ասա՝ ես եմ արել. հոխորտում էիր՝ էս երկրում միակ տղամարդը ես եմ, դե տղամարդ ես, կանգնի ասա՝ էդ բոլորը ես եմ արել: Ինձ համար Միքայել Հարությունյանը քավության նոխազ է: Էդ խեղճ մարդն ինչ էր արել՝ եկել էր ծառայելու, ընկավ էդ խուլիգանների շրջապատը, կարող է՝ նա էլ ինչ-որ ձեւով գնաց նրանց հետեւից եւ ստիպել են, որ 0038 հրամանը տա»:                   Ըստ նրա՝ մարտի մեկի գործով առաջին հարցաքննվողներից մեկը պետք է լիներ Սերժ Սարգսյանը, սակայն Գրիգոր Հարությունյանը չի կարծում, որ նա կլինի այն պաշտոնյաներից մեկը, որ խոստացել են ցուցմունք տալ Փաստահավաք խմբին. «Թող ՀՀԿ-ն հասկանա՝ իր ամենամեծ թշնամին Սերժ Սարգսյանն է: Եթե նա սահմանադրական փոփոխություններ չաներ, որ իրենից հետո ժառանգական՝ մինչեւ փոքր Սերժիկը պիտի դառնան վարչապետ, նման բան չէր լինի: Կլիներ այն, որ մի պոլի փետի կդնեին այնտեղ ու էլի վարչապետ կլիներ»:             Ինչ վերաբերում է առաջիկա արտահերթ ընտրություններին, ապա ՀԺԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցի, սակայն կնախապատրաստվի ԱԺ արտահերթ ընտրություններին: Մասնակցության ձեւաչափը ժամանակի ընթացքում կհստակեցվի, սակայն հստակ է մի բան՝ մաքսիմալ աջակցություն կցուցաբերեն Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժին, որի շնորհիվ եղավ հեղափոխություն. «Դիմում եմ ժողովրդին, չկարծեք, որ հաղթել ենք, մենք դեռ չենք հաղթել. տարածքներում գյուղապետեր, քաղաքապետեր կան, վենդետայի խոսք չէ, անօրինական ճանապարհով բոլորը եկել են իշխանության, էսօր նրանք գործում են: ՀՀԿ-ն այսօր իր գործունեությամբ հակապետական, հակաժողովրդական, հանցագործ կառույց է: Նա իրավունք չունի ընդհանրապես քաղաքական պրոցեսներին մասնակցել: Պետք չէ ժողովրդավարություն խաղալ՝ հեղափոխությանն այսօր լուրջ վտանգ է սպառնում»: