Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն 2-րդ հայտարարությունն է արել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի մասին

Տնտեսություն
Cover_road-e1520774006582

Հայտարարություն՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» թափանցիկության ապահովման մասին   Պետք է արձանագրենք, որ, ցավոք, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, նախկին գործելաոճին հավատարիմ մնալով, շարունակում է չհրապարակայնացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկությունները: 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հրապարակած` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները» թեմայով (http://www.maroukhianfoundation.org/am/wp-content/uploads/2018/03/north-sought-road-refreshed.pdf) վերլուծությունը քննարկելու նպատակով, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (արդեն նախկին) Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, 2018 թվականի մարտի 16-ին հանդիպում տեղի ունեցավ նախարարությունում: Շուրջ երկու ժամ տևած քննարկմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (արդեն նախկին) պարոն Վահան Մարտիրոսյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (արդեն նախկին) Վարդան Կարապետյանը և փոխտնօրեն տիկին Քրիստինե Ղալեչյանը, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչներ Սուրեն Պարսյանը, Արմեն Գրիգորյանը և Կարեն Մկրտչյանը: 2018 թ. օգոստոսի 1-ին, ի պատասխան մեր բաց նամակին, նախարարությունից հայտնել էին, որ 2018թ. մարտի 16-ի հանդիպման ժամանակ նախարարությունը հանգամանալից պարզաբանումներ ներկայացրել է մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Սակայն ասվածն իրականությանը չի համապատասխանում: Հանդիպման ժամանակ բարձրացվել էին հետևյալ հարցերը.

  • որքա՞ն կարժենա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ամբողջ ծրագիրը,
  • ըստ վարկային համաձայնագրի՝ Տրանշ 1.-ի կառուցման արժեքը կազմում է 70.4 մլն ԱՄՆ դոլար, որով պլանավորված էր վերակառուցել 56.4 կմ քառաշերտ ճանապարհ (Երևան-Աշտարակ՝ 18.4 կմ և Երևան-Արարատ՝ 38 կմ), բայց դրա փոխարեն կառուցվել է 31.0 կմ (Երևան-Աշտարակ՝ 11.4 կմ և Երևան-Արտաշատ՝ 19.6 կմ), սակայն ծախսվել է ամբողջ 70.4 մլն ԱՄՆ դոլարը. շինարարական աշխատանքների շուրջ 45 տոկոս թերակատարման պայմաններում ծախսվել է գրեթե նույն գումարը,
  • առ այսօր գոյություն չունի հստակ գնահատական, թե այս կամ այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնները ինչպե՞ս են ազդել ծրագրերի երկարաձգման վրա,
  • ինչո՞վ է բացատրվում Տրանշ 1.-ով կառուցված Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհատվածների պարբերաբար վերանորոգումները և երաշխիքային սպասարկման ժամկետների հետաձգումները,
  • ինչու՞ առ այսօր հրապարակված չեն Տրանշ 4.-ի տեխնիկատնտեսական փաստաթղթերը,
  • ճանապարհամերձ տարածքների օտարված հողերի տարբեր արժեքները, այդ գործընթացի ոչ թափանցիկությունը և այլն:
Մարտի 16-ի աշխատանքային հանդիպման վերաբերյալ կուսակցությունում կազմվել է զեկուցագիր, որում ներկայացված են քննարկվող հարցերը, քննարկման արդյունքները, ձեռք բերված պայմանավորվածությունները, տպավորությունը և եզրակացությունը: Նախարարության կողմից հանդիպումը նաև տեսանկարահանվում էր, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը տալիս է իր համաձայնությունը հրապարակել տեսաձայնագրությունը` առանց մոնտաժելու: Հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություններ, սակայն 19.03.2018 թվականին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ի տնօրեն (արդեն նախկին) պարոն Վարդան Կարապետյանի պաշտոնական էլ. հասցեով ([email protected]) ուղարկված հարցումները մնացել են անպատասխան: Իսկ ինչ վերաբերում է նախարարության առաջարկությանը, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչները ևս ներգրավվեն նախարարին կից ձևավորվելիք հարթակում, նշենք, որ մասնագիտական որևէ հարթակի աշխատանքներում ներգրավվելը ինքնանպատակ չէ: Մասնակիցները պետք է ունենան ամբողջական տեղեկություն՝ հարցադրումները ճիշտ անելու և լուծումներ առաջարկելու համար: Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջի (https://tpio.am/am) սակավ տեղեկությունները ՀՅԴ Բյուրոյի հետազոտությունների գրասենյակը արդեն ուսումնասիրել է իր՝ 20.02.2018 թվականի վերլուծության շրջանակներում: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և վստահությունը ապահովելու, նաև մեր ամբողջական և խորքային հետազոտությունն ավարտելու նպատակով արդեն 3-րդ անգամ առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, հանրայնացնել հետևյալ տեղեկությունները՝ տեղադրելով http://northsouth.am կայքէջում և պահպանելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները.
  1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի (1, 2, 3, 4 և 5 Տրանշների) կառուցման տեխնիկատնտեսական նախագծերի բոլոր տարբերակների տնտեսական հաշվարկների, դրանք իրականացնող կազմակերպությունների, պայմանագրերի և ընդունման-հանձնման ակտերի մասին սկսած 2007 թվականից,
  2. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները կատարող կազմակերպությունների կապալի պայմանագրերի, ընթացիկ վերահսկողական պայմանագրերի և ընդունման-հանձման ակտերի մասին,
  3. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները կատարող ենթակապալառու և մատակարար կազմակերպությունների մասին,
  4. շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի արդյունքում ընտրված «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» (Տրանշ 1. և Տրանշ 2.) և «Սինոհիդրո Քորփորեյշն» (Տրանշ 3.) ընկերությունների նկատմամբ կիրառված տույժերի և արձանագրված թերությունների մասին առ 01.08.2018 թ.,
  5. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները երկարացնելու պատճառների, դրանց ազդեցության չափի և դրանց հետևանքով առաջացած վնասների (տույժերի) մասին,
  6. 1-3 տրանշների ճանապարհամերձ տարածքների օտարման գործընթացում ձեռք բերված հողերի չափերի, տեսակների, արժեքների, դրանց տեղաբաշխման (քարտեզագրված) և առկա դատական վեճերի մասին:
Խնդրում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը` ըստ կետերի` տրամադրել տեղեկությունները, իսկ չտրամադրելու դեպքում վկայակոչել դրանց չտրամադրման օրենսդրական և/կամ պայմանագրային սահմանափակումները: Միաժամանակ, հաշվի առնելով օրենսդրությամբ նախատեսված` որոշակի տեղեկատվության հասանելիության սահմանափակումը, առաջարկում ենք ՀՀ կառավարությանը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցչին հասարակական հիմունքներով ընդգրկել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի կազմում:     ՀՅԴ Բյուրոյի տնտեսական  հետազոտությունների գրասենյակ 02.08.2018 թ.