Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի ֆեդերացիա. Միջազգային պահանջներին համապատասխան դահլիճ ՀՀ-ում չկա

Սպորտ
basketball2

Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոբասկետ-2021 նախընտրական փուլին: Այս մասին տեղեկացրել էր  Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:  Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հարցը մի շարք տեխնիկական խնդիրների հետ է կապված. «Զամբյուղների, լուսատախտակների, նստատեղերի քանակի, որոնք պետք է 3000-ից ոչ պակաս լինեն, և այլ տեխնիկական պահանջներին համապատասխան մարզադահլիճ Հայաստանում չկա: Վերջին մեկ տարում «Միկա» մարզադահլիճում էինք միջազգային հանդիպումներ անցկացնում, սակայն թույլտվությունը դժվարությամբ էինք ստանում, մեր խնդրանքներին ընդառաջ էին գնում, իսկ Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ փուլի պահանջներն ավելի խիստ են և բացառություն անել այլևս հնարավոր չէ»: Նազարյանը նաև պարզաբանեց, որ ֆեդերացիան վարձակալում է դահլիճները, սակայն չունի և մոտ ապագայում դժվար ունենա ֆինանսական միջոցներ` միջազգային պահանջների համապատասխանող դահլիճ կառուցելու համար: Միաժամանակ նա նկատեց, որ դահլիճ կառուցելը չի մտնում ֆեդերացիայի գործառույթների մեջ, միջազգային ասպարեզում ընդունված է ֆեդերացիաների կողմից դահլիճների վարձակալման պրակտիկան: Հետագայում խնդիրը լուծելու նպատակով, ֆեդերացիան շարունակելու է համապատասխան քայլեր ձեռնարկել: «Հայաստանում մի քանի դահլիճ պետք է կարգի բերվի, մենք հետագայում այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակենք, կդիմենք տարբեր ատյանների, հովանավորների», - ասաց Նազարյանը: 2016-ին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային: