Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հոգեբուժարանների ու տուն հաստատությունների վիճակը վատ է». ՄԻՊ (տեսանյութ)

Քաղաքականություն
tim

ՀՀ կառավարությունը օգոստոսի 2-ի նիստին հաստատեց  2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշումը: Պաշտպանության նախարարության համար նախատեսված է ինտերնատուրայի ընդունելության 28 տեղ, կլինիկական օրդինատուրայի ընդունելության 95 տեղ, այդ թվում՝ 49 նպատակային տեղ Առողջապահության նախարարության համար, 18 տեղ նախատեսված է Կրթության և գիտության նախարարության, 17 տեղ՝ Արցախի հանրապետության և 11 տեղ  ՊՆ-ի համար:   Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ  նախորդ տարվա համեմատ Առողջապահության նախարարության համար նախատեսված նպատակային տեղերն ավելացվել են 50 տոկոսով, ինչը պայմանավորված է մարզերում առկա թափուր տեղերով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել է, որ մարզերում բժիշկների 300 թափուր աշխատատեղ կա: «Տարեցտարի փորձելու ենք ավելացնել տեղերը: Մեզ հետ կնքվող պայմանագրի համաձայն՝  նրանք ավարտելուց հետո պարտավորվում են 5 տարի աշխատել մեր կողմից նշանակված տեղում, որպեսզի համալրվեն թափուր տեղերը»: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կարգավորվելու հարցը չգնալու դեպքում: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանեց, որ նախորդ տարիներին գործել է կարգ, երբ գումարը վերադարձվել է: «Հիմա քննարկումների ընթացքում կարգ կսահմանենք, որով փոխհատուցումն ավելի մեծ կլինի, եթե հրաժարվեն գնալ այդ նպատակային տեղերում աշխատանքը շարունակելու, 2-3 անգամ ավելի կլինի այն վարձից, որը պետությունը իր միջոցներից տրամադրում է  անվճար ուսուցման համար»:   Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե եղել է դեպք, որ վերադարձնեն գումարները: Արսեն Թորոսյանի խոսքով՝ եղել է, բայց շատ քիչ: «Մոտ 5 տոկոս, հիմնականում ընտանեկան պայմանների փոփոխություն, ամուսնություն...»: Մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանն էլ բարձրացրեց հատուկ կամ փակ հաստատություններում բժիշկների ոչ պատշաճ աշխատանքը կատարելու հարցը: «Հոգեբուժարանների ու տուն հաստատությունների վիճակը վատ է, մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ դեպքեր կան, երբ մեկ մասնագիտացում ունեցող բժիշկը այլ բժշկի գործ է անում, ինչը կարող է վատ հետևանքների բերել. Եվրոպական դատարան ներկայացված գանգատներ կան նաև»:  Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ  նպատակային տեղեր ասելով նկատի ունեն նաև այդ հարցը և որ շրջանավարտների նշանակումը կարող է լինել նաև այն փակ հաստատություններում, որտեղ կա թափուր տեղ: