Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոնց որ անապատի մեջ օազիսը չորանա». Սպառնալիք՝ Շնող համայնքի համար (տեսանյութ)

Տնտեսություն
pochambar

1972թ. կառուցված Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ»-ի պոչամբարն արդեն լցված է՝ 3-4 մլն խմ խույս, որից արտահոսքեր են լինում: Կոմբինատից վստահեցնում են՝ խնդիրը ինժեներական լուծում է ստացել՝ նոր պոչերի չորացման արտադրամաս է կառուցվում: Արդյունքում պոչամբարը շահագործվում է 4-5 ամիս, սակայն շուտով կռեկուլտիվացվի: «Իր մակերեսը պետք է փակվի մեկ մետր հաստության հողի շերտով եւ ինչպես նախորդ պոչամբարի դեպքում, սա էլ պետք է ռեկուլտիվացվի»,- վստահեցնում է «Ախթալա» ԼՀԿ ՓԲԸ բնապահպանության բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը:             Լոռու մարզում Թեղուտի հանքը, թեեւ, էլ չի գործում, սակայն ինչպես Ախթալայի՝ գործող լեռնահարստացուցիչ կոմբինատի, այնպես նրա պոչամբարները շարունակաբար միեւնույն բացասական ազդեցությունն են թողնում տեղանքի վրա: «Առուն լցվել էր այգու մեջը եւ դրա հետ եկել էր մի ահագին տիղմ, մոտավորապես 10-15 սմ ծառերի բաժակների մեջ լցվել էր էդ տիղմը, որը թույլ չէր տալիս ջուրը ներծծվելու: Բնականաբար, դա նույնպես կապված է հանքերի հետ, վնաս է տալիս է ծառերին: Ոնց որ անապատի մեջ օազիսը չորանա, այ էդպես ճաքեր է տալիս ծառերի տակ՝ էդ բաժակափորերի մեջ»,- ասում է Շնող համայնքի բնակիչ Գեւորգ Պապյանը:              Թեղուտի պոչամբարը սպառնալիք է հատկապես Շնող համայնքի համար: Համայնքապետի խոսքով՝ գործարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն ունեն անցկացնելու հանրային լսումներ՝ պոչամբարը վերանորոգե՞լ, թե կառուցել նորը՝ մեկ այլ վայրում: «Եթե պիտի կառուցվի կամ վերանորոգվի, միանշանակ պետք է լինի այնպես, որ դա որեւիցե վտանգ չպատճառի հարակից համայնքին»,- նշեց Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը:               Համայնքապետը չի ժխտում, որ Թեղուտի հանքի փակումը սոցիալական լուրջ խնդիրներ է առաջացրել Շնողում, թեեւ գյուղացիների մի մասը ստացել է փոխհատուցում, մյուս մասն էլ վնասների փոխհատուցման համար դիմել է Եվրադատարան: «Չորով ասում են՝ չէ: Ներքին կարգով էլ ասում են՝  եթե ձեզ փոխհատուցենք, բա էն մնացած շրջաններն ինչ անենք, եթե ջուրը կեղտոտվում է: Չենք կարող», պատմեց Շնող համայնքի ավագանու անդամ Աշոտ Ադամյանը:    Ի դեպ, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն դիմել էր ԱԻՆ՝ Նահատակի եւ Թեղուտի պոչամբարների տեխնիկական անվտանգության մասին եզրակացություն ստանալու: Ի պատասխան եղել էր դրական եզրակացություն, մինչդեռ «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել էր, որ իրենց պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության եւ միջազգային ամենաբարձր չափանիշներին: