Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախի վերնախավը թաքուն սպառնալիքով է արձագանքել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման լուրին»

Քաղաքականություն
HX-sasna-crer

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա ծռեր խմբավորման հայտարարությունը Ռ. Քոչարյանի կալանավորմանը` Արցախի տեղական վարչախմբի արձագանքի առթիվ

Արցախում դեռևս իշխող տեղական վերնախավը բողոքով և վրդովմունքով, իսկ իրականում թաքուն սպառնալիքով  է արձագանքել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման լուրին: Չհամարձակվելով ուղղակիորեն իր անունից ընդդիմանալ, Արցախի տեղական իշխանությունը այս փուլում գործի է լծել տեղի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին, որոնցից որոշները Քոչարյանի կալանավորումը որակում են «շատ բացասական»,  համարելով, որ այն «ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է հանգեցնել» և «կարող է նոր խնդիրներ առաջ բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: 

Ակնհայտ է, որ Արցախի տեղական իշխանությունները եղել են իրենց երևանյան տանիքի և վերջինիս մոսկովյան տանիքի դրածոները: Երևանյան տանիքի փլուզումից և Արցախում ժողովրդական բողոքի օջախների ձևավորումից հետո դժվար է պատկերացնել, որ տեղական վերնախավը կհամարձակվեր բողոքի ձայն բարձրացնել Քոչարյանի կալանավորման դեմ, եթե չլիներ վերին տանիքի դրդումը:

Թեև Քոչարյանի «արցախցի» լինելու հանգամանքի շահարկումը, արցախցիների զգացմունքները գրգռելու ու այդ միջոցով  հակահեղափոխություն իրականացնելու և Հայաստանի գաղութային վարչախմբի վերադարձը ապահովելու պատրանքները դատապարտված են ձախողման, այնուամենայնիվ անհրաժեշտ է խիստ զգաստ լինել։ Այս առումով էական անելիք ունեն Արցախի մեր հայրենակիցները և քաղաքական առողջ խմբավորումները:

Բոլորի, ներառյալ արցախցիների համար, պարզ է, որ Արցախում շարունակվող անտանելի պայմանները արմատավորվել են այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում զբաղեցրել է ամենապատասխանատու պաշտոններ, և դրանք խորացել են, երբ նա զավթեց իշխանությունը Երևանում:

Բոլորը, ներառյալ արցախցիները, չեն կարող մոռանալ, որ Ռոբերտ Քոչարյանը 2001թ. ընդունել էր Քիվեստյան համաձայնագիրը, որը նախատեսում էր ազատագրված բոլոր շրջանների հանձնում Ադրբեջանին, բացառությամբ՝ մի նեղ միջանցքի, ինչպես նաև Նախիջևանի ֆիզիկական հաղորդակցման ապահովում Ադրբեջանի հետ:

Ոչ ոք չի կարող առ ոչինչ անել Ռոբերտ Քոչարյանի 2006թ. սեպտեմբերի 28-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած հետևյալ միտքը.

«Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա ծռեր խմբավորումը վստահ են, որ ոչ միայն «արցախցի լինելու գործոնի» շահարկումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախում բնակվող մեր հայրենակիցների վրա, այլև, ընդհակառակը, հենց իրենք կխեղդեն այդ սադրանքը սաղմի մեջ:

Այս առումով, մենք առաջին քայլերն ակնկալում ենք Արցախում նոր ձևավորված քաղաքացիական և ազգային խմբավորումներից:

 

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Սասնա ծռեր խմբավորում

29 հուլիսի 2018թ