Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

Մարզեր
kapan-1

ՀՀ տարածքայինկառավարման և զարգացման նախարար ՍուրենՊապիկյանը  հուլիսի 27-ին Կապանի համայնքապետարանում մարզպետ Կարեն Համբարձումյանին, Կապանի ավագանու անդամներին և տարածաշրջանի գյուղական համայնքների վարչական ղեկավարներին ներկայացրեց Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին։   «Կապան քաղաքում լուրջ գործընթացի առաջ ենք կանգնած, պիտի ունենանք նոր ընտրված քաղաքապետ և մինչև ընտրությունների կազմակերպման գործընթացը քաղաքի   բնականոն հունն ապահովելու, աշխատանքների կարգավորման պատիվն ու ծանրությունը դրել ենք պարոն Նարեկ Ղահրամանյանի ուսերին։  Կարծում եմ սա մեծ պատիվ է և շատ պատասխանատու պարտավորություն՝ լինել հանրապետության ըստ իս գոնե 4-րդ քաղաքի ղեկավարը։ Վստահ եմ  և լիահույս, որ պարոն Ղահրամանյանը դա կանի մեծ պատվով և մեծ բավականությամբ։ Նա  մենակ չէ ՝ կառավարությունը, մարզպետը, հուսով եմ նաև համայնքապետարանի աշխատակազմը այս պատասխանատու գործում կանգնած են քաղաքապետի պաշտոնակատարի կողքին։ Այս համատեքստում շատ կարևոր է Հայաստանի տարածքային կառավարման բնագավառում համաչափ զարգացման խնդիրը, որը մեր կառավարության համար  առանցքային, էական ոլորտներից է։ Մեր առաջիկա քայլերը միտված են տեղական ինքնակառավարման ապակենտրոնացմանը։ Եվ շատ կարևոր  է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կատարեն իրենց իրական դերակատարումը, որովհետև գաղտնիք չէ, որ հաճախ համայքներում ավագանին իրեն համարել է  համայնքապետի աշխատող, ինչը, իհարկե, նոնսենս է»,- նշել է նախարարը։ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը ևս շեշտեց, որ համայնքներում առկա խնդիրները կլուծվեն միասնաբար։ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը ներկաներին ողջունելով, հիշեցրեց, որ հենց նշանակման հաջորդ օրն է հայտարարել՝  ակնկալում է համաքաղաքացիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները Կապան հասցնելու գործում։ «Ես պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ՝ անկախ տարաձայնություններից, քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից։ Հուսամ միասին,  թեկուզև կարճ ժամանակահատվածում, բայց կկարողանանք դրական փոփոխություններ բերել մեր համայնք»,- նշեց երիտասարդ ղեկավարը։ Հանդիպմանը տարաբնույթ հարցեր հնչեցին, որոնց մեծ մասին արդեն ծանոթ էին թե մարզպետն ու համայնքապետի պաշտոնակատարը, և թե նախարարը։ Նախորդ իշխանությունների բացթողումներն այսօր շեշտել ու ներկա կառավարությունից ակտիվորեն պահանջելն իհարկե հեշտ է, նկատեց Սուրեն Պապիկյանը, սակայն համերկրացիներին կոչ արեց համբերատարությամբ ու հարգանքով լցվել։