Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձկնաբուծարանները՝ ոռոգման սակավաջրության պատճառ

Տնտեսություն
nkar-1

Արմավիրի մարզի 5 համայնք ոռոգվում է Սեւ ջուր գետից՝ Զարթոնքի և Արտաշարի պոմպակայաններով: Վերջին 15 տարվա ընթացքում գետի հոսքերը կտրուկ նվազել են, եւ ոռոգման այս շրջանում համայնքները կանգնել են սակավաջրության փաստի առջեւ: «Վտանգված է մոտ 1000 հա հողատարածքի ոռոգումը: Հիմա տարածքներում սպասարկում է շուրջ 30 խորքային հոր, որոնց միջոցով իրականացվում է ոռոգումը, այն էլ՝ շատ անկանոն: Հարցը լուծելու համար խիստ անհրաժետ է վերականգնել շուրջ 12 հոր, որպեսզի կարողանանք այդ հողատարածքների ջրապահովվածությունը պահել», նշում է Ջրպետկոմ-ի ջրօգտագործող ընկերությունների խմբի համակարգող Կարեն Դադոյանը:   Ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմման նպատակով մշակվել են միջոցառումներ, մասնավորապես, նախատեսվում է Արարատյան դաշտավայրի 26 համայնքներում խորքային 38 նոր հոր հորատել, ինչպես նաև գոյություն ունեցող 17 հորերի վերականգնման աշխատանքներ իրականացնել: Երասխավանը մեկն է այն հինգ համայնքներից, որն ունի ոռոգման ջրի խնդիր: «Ջուր չլինելու պատճառով անհայտ աղբյուրից ենք ջուր ստանում: Կարելի է՝ ասել այդ ջրով ամոթ էլ է ոռոգել, սակայն ստիպված գյուղացին ոռոգում է ու ստացված բերքն էլ չգիտեն՝ ինչ համի է, ինչ որակի է: Արդյունքում, այս հինգ գյուղը կանգնած է խնդրի առաջ, չենք կարողանում արդեն ոռոգել, պիկ է ստեղծվել: Դրա հետ մեկտեղ չենք կարողանում հող ու մյուս վարձավճարները հավաքել»,- ասում է Երասխավան համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը: Սև ջուր գետի հոսքերի նվազմանը զուգահեռ ջրանցքով անարգել կոյուղաջրեր են հոսում: «Հիմնական պատճառը պետք է հարցնել բնապահպաններին, բայց ակնհայտ է, որ վերջին 15 տարվա ընթացքում ձկնաբուծության նպատակով հորատված արտեզյան հորատանցքերն են պատճառ հանդիսանում»,- վստահեցրեց Կարեն Դադոյանը: «Կոյուղաջուրը գալիս է մեր սովետական ջրանցքի գլխամասով, լցվում է Զարթոնքի պոմպակայան: մենք բազմիցս դիմել ենք Կառավարությանը, որ կոյուղաջրերը լցվում են այստեղ, մեզ մոտ խոլերա էլ է եղել: Ոչ մի արդյունք չի եղել», պատմեց Սեւ ջուր «Աղթամար» ՋՕ-ի տեղամասի պետ Խաչիկ Սարգսյանը:                 Նոր եւ վերականգնվող հորերի համար ֆինանսավորման աղբյուրներ գտնելու նպատակով Ջրային կոմիտեն այժմ օպերատիվ աշխատանքներ է տանում: Ֆինանսական անհրաժետ միջոցների մրցութային արժեքը կկազմի 670 մլն դոլար: