Live. Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ 23.30-ին (տեսանյութ)
19.40 Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննության որոշումը կհրապարակվի այսօր՝ 23։30-ին։ Դատավորը խորհրդակցական սենյակում է։ 14:00 Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ դատական նիստը շարունակվում է։ Այն դռնփակ է, տեղի է ունենում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։ Քոչարյանը դատարանի շենք է մտել, ամենայն հավանականությամբ, հետնամուտքից։ Դատարան մուտք գործելուց հետո նրա փաստաբաններից որեւէ մեկը նիստի դահլիճից դուրս չի եկել եւ որեւէ տեղեկություն չկա, թե ինչ է տեղի ունենում դահլիճում։ ------------------------ 11:10 Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի բաժին։ Նա դատարան ներկայացավ այլ մուտքից եւ դատելով նրան սպասարկող մեքենաների առկայությունից, լրագրողները ենթադրում են, որ նա ներսում է: ---------------------- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննելու համար հրավիրված դատական նիստը կկայանա այսօր, հուլիսի 27-ին ժամը 11-ին: «Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում և կներկայանա, ուղղակի հարկավոր է պատշաճ կերպով ծանուցել: Նա չի ստացել ծանուցագիր: Մեզանից ոչ ոք չի կասկածում, որ նա կներկայանա, և վաղը դուք դրանում կհամոզվեք»,- երեկ նշել էր Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Հիշեցնենք, որ երեկ մինչև ուշ գիշեր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, այնուհետև այն հետաձգվեց մինչև առավոտյան ժամը 11:00-ն: