Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» մասնավոր ինքնաթիռ է վարձել 5 ֆուտբոլիստների համար. պարզաբանում

Սպորտ
sport-pyunik

Երեւանի «Փյունիկն» այսօր ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում կհանդիպի Ղազախստանի «Տոբոլի» հետ: Հայկական թիմը մրցավայր մեկնելուց առաջ թիմի հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը վիզայի հետ կապված խնդիրներ էին ունեցել: Երեւանյան ակումբն այսօր պարզաբանում է տվել այդ հարցի կապակցությամբ: «Հուլիսի 25-ին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ամբողջ կազմով, ինչպես նաև 25 երկրպագուներով, չարտերային չվերթով պետք է մեկներ Ղազախստանի Կոստանայ քաղաք։ Երբ «Փյունիկն» իմացավ, որ իր մրցակիցը ղազախական «Տոբոլն» է, միանգամից սկսեց վիզայի հետ կապված թղթաբանական հարցերի կարգավորումը։ Ինչպես գիտեք, հայ և ռուս ֆուտբոլիստների համար մուտքի արտոնագրման ոչ մի խնդիր չկար, սակայն 4 աֆրիկացու, ինչպես նաև 1 չեռնոգորիացու համար պետք էր դիմել մուտքի արտոնագիր ստանալու համար։ Ըստ Ղազախստանի օրենքի՝ մուտքի արտոնագիր տրամադրվում է 5-14 օրվա ընթացքում։ Մենք դիմեցինք մրցակից թիմին, որպեսզի հրավերներ ուղարկի միգրացիոն ծառայություն, քանի որ Ղազախստանի վիզաները նշված պետությունների համար, հաստատում է ոչ թե դեսպանատունը, այլ երկրի կառավարությունը։ Նրանցից միայն պահանջվում էր ստանալ համապատասխան կոդ-թույլտվություններ, որից հետո միայն հնարավոր կլիներ վիզաների ստացումը։ «Տոբոլը» այդ հարցով սկսեց զբաղվել միայն երեքշաբթի օրը՝ հուլիսի 24-ին, իսկ մեր չվերթը հուլիսի 25-ի վաղ առավոտյան էր։ Արդյունքում՝ մեր 5 ֆուտբոլիստները հուլիսի 25-ին չկարողացան մեկնել Կոստանայ։ Վիզաներն, այնուամենայնիվ, եղան, սակայն դրանք հաստատվեցին հուլիսի 25-ին՝ ժամը 20։00-ին, երբ վերջին ինքնաթիռը, որը կարող էր նրանց հասցնել Կոստանայ, արդեն մեկնել էր։ Քանի որ այդ 5 ֆուտբոլիստները թիմի առանցքային խաղացողներն են, ակումբի ղեկավարությունը որոշեց պատվիրել մասնավոր բիզնես-ինքնաթիռ և գիշերը ֆուտբոլիստները մեկնեցին, իսկ առավոտյան նրանք հասան Կոստանայ։ Ստեղծված խոչընդոտները չէին կարող խանգարել մեր թիմին։ Տղաներն ունեն մարտական տրամադրվածություն և պատրաստ են հաղթանակի», -  նշվում է ակումբի հայտարարությունում: Հիշեցնենք, որ «Տոբոլ» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա այսօր, Երեւանի ժամանակով 19:00-ին: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։