Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ տղամարդկանց, ինչպես միշտ, գերում են հրաշագեղ ուկրաինուհիները

Մշակույթ
2-11

«Դնեպրո» սիրողական երգչախմբում երգելու համար, բոլորովին պարտադիր չէ ազգությամբ ուկրաինացի լինել: Սա այն վայրն է, որն իր հարկի տակ է հավաքում բոլոր նրանց, ովքեր սիրում են երգել այս գեղեցիկ, ինքնատիպ երգերը։ «Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա «Ուկրաինա» ՀԿ-ի խնդիրը՝ մշակույթը, լեզուն, ավանդույթներն ու սովորույթները պահպանելն է, -ասում է ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը: -Կարևոր չէ քանի տոկոսն ունի  ուկրաինացու արյուն, քանիսը հայի, այստեղ ծնվածներն արդեն իսկ երկու մշակույթի կրողն են»: Իննսունականներին շատերը վերադարձան հայրենիք, կամ մեկնեցին արտերկիր: Սակայն հայ տղամարդկանց, ինչպես միշտ, գերում են հրաշագեղ ուկրաինուհիները, որոնք էլ ամուսնանում, գալիս են Հայաստան ու համալրում համայնքը։ Սարյան փողոցում գտնվող Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնում ուկրաինական համայնքն առիթը բաց չի թողնում անցկացնելու մշակութային միջոցառումներ: Համատեղ ծրագրեր են կազմակերպում նաև Հայաստանի մյուս ազգային փոքրամասնությունների հետ, ինչպես ասում են՝ ընկերություն են անում ու իրար հյուր գնում:     ՀՀ կառավարությունը միշտ էլ աջակցում է: Աջակցում է նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը: Սակայն իհարկե տնտեսական ճգնաժամը իրեն զգացնել է տալիս:   Տիկին Աննայի խոսքով, համայնքը մի փոքրիկ հայրենիք է, որտեղ յուրաքանչյուրն իր ջերմության կտորն է ստանում: «Հավաքվում ենք,-ասում է,- երգում ենք մեր գեղեցիկ, մեղեդային երգերը: Անցյալ տարի համույթի 20-ամյակը նշեցինք: Ակտիվ է նաև Վանաձորի մասնաճյուղը իր «Վերբիչենկա» երգի համույթով»: Նշում են թե հայկական, թե ուկրաինական տոները: Իսկ Էրեբունի-Երևանի տոնակատարությանը միշտ մասնակցում են ոչ որպես հանդիսատես: