Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ռազմական ուժերը հարձակողական քաղաքականություն կորդեգրեն (տեսանյութ)

Քաղաքականություն
stepan-safaryan

Հայաստանի Հանրապետության ռազմական ուժերը հարձակողական քաղաքականություն կորդեգրեն`Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հակաօդային պաշտպանությունը կփոխարինվի ռազմաօդային ներուժի զարգացմամբ: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այս հայտարարությունը, ոչ թե պատերազմի պատրաստվելու, այլ այն զսպելու նպատակ ուներ: «Պետք է ասեմ` նաեւ նախազգուշացնող: Նախազգուշացնող ոչ միայն խաղաղության միջնորդներին, ովքեր նման իրավիճակներում փորձում էին երկու կողմերին այսպես ասած՝ ետ պահել հետագա էսկալացիայից: Նախարարը շիտակ եւ ազնվորեն հասկացրել է, թե ինչով է հղի Ադրբեջանի ռազմաքաղաքական ագրեսիան սնուցելը»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Ըստ Սաֆարյանի՝ Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների դեպքում այսօր Հայաստանը կարող է հույսը դնել միայն իր զինված ուժերի վրա՝ չսպասելով դաշնակից պետությունների օգնությանը. «ՀՀ-ն իհարկե ՌԴ հետ երկկողմ մակարդակով մի շարք մեխանիզմներ է ստեղծել, որոնք թույլ կտան պատերազմի դեպքում հակադարձել հակառակորդին, ինչպիսիք՝ հակաօդային պաշտպանության համակարգերն են, բայց դա բավարար չէ, որովհետեւ նախկին կոնցեպցիայի դեպքում ստացվում էր, որ մենք պետք է ուղղակի ոչինչ չանենք՝ հակառակորդին պատժելու, հակառակորդին սթափեցնելու, եւ նստած սպասենք, թե երբ է վտանգը մոտենում մեզ»: Հայկական կողմը պաշտոնապես նաեւ նախազգուշացնում է՝ կարող է չդիմանալ եւ կիրառել իր զինանոցում առկա բոլոր միջոցները՝ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով: