Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դա «Նյու Վասյուկի» ոլորտից է». ԸՕ քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj-4

Ընտրությանը մասնակից կուսակցությունը համամասնակյան ցուցակին զուգահեռ պետք է ներկայացնի նաեւ Կառավարության իր կազմը: «Եթե որեւէ կուսակցություն հրաժարավում է հրապարակել իր Կառավարության կազմը, ապա նրան պետք է զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից, անկասկած՝ ոչ: Ուղղակի հանրությունը կփաստի, որ այդ կուսակցությունը չի հավակնի ազդեցիկ դերակատար լինելուց»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:             Խոսրովի Հարությունյանի այս առաջարկը քննարկվեց ԸՕ փոփոխություններով զբաղվող ԱԺ աշխատանքային խմբի նիստի ժամանակ: Առաջարկը միանշանակ ընդունելի էր ՀՀԿ խմբակցության համար. «Եթե մենք այս համակարգից խուսափում ենք, ապա, ցավոք սրտի, ընթացք ենք տալիս կամ պարարտ հող ենք ստեղծում՝ ռուսերեն ասած, այսպես կոչված, երկու «ու»-երի համարակրգին՝ ուգադած, ուգադիծ: Այսինքն, եթե ինչ-որ մեկը կարողանա կռահել, թե ով է ապագա վարչապետը ու մի քիչ էլ հետը մտերիմ լինի, համարյա թե նախարար դառնալու երաշխիքներն ապահովված են»:              Այս համակարգի շնորհիվ, ըստ նրա, ամբողջ քաղաքական դաշտն ավելի որակյալ ու կանխատեսելի կդառնա, քանի որ քաղաքական ուժերի միջեւ կլինի մրցակցություն, բանավեճ: Քաղաքական մյուս ուժերի համար, թեեւ, պատգամավորի առաջարկը մերժելի չէր, սակայն նրանք մի շարք դիտարկումներ ունեին: «Մի թեկնածուն ասում է՝ ես գալիս եմ, դառնում եմ Առողջապահության նախարար եւ բոլոր վիրահատությունները լինելու են անվճար: Մյուս թեկնածուն, որը, բնականաբար, հասկանում է, որ դա «Նյու Վասյուկի» ոլորտից է, ասում է՝ դա հնարավոր չէ: Հանրային ընկալման տեսանկյունից առաջինը դառնում է շատ լավ, Առողջապահության պոտենցիալ նախարար, մյուսը՝ չուզող նախարար»,- նկատեց ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը:             Ըստ Սպարտակ Սեյրանյանի՝ այդ պատճառով անհրաժեշտ է փորձագիտական, վերլուծական մի խումբ, որը հանրությանը ճիշտ կկողմնորոշի, քանի որ եթե որակյալ բանավեճ չլինի, ապա այդ ամենը կվերածվի շոուի, քաղաքական մանիպուլյացիայի եւ աճպարարության: Նա մեկ այլ խնդիր եւս առանձնացրեց.  «Փոքր քաղաքական ուժ է, որը երջանկացել է, որ ԱԺ-ն որոշել է, որ անցողիկ շեմը դարձրել է 4 տոկոս ու ինքը հազիվ էլ հավակնում է 4 տոկոսի եւ ինքը որեւէ խնդիր էլ չունի իշխանության մաս կազմելու, սակայն գտնում է, որ իր գաղափարներով ու ծրագրերով հանդես գալու պատեհ պահը ԱԺ-ն է, մասնակցում է ընտրություններին եւ որեւէ հավակնություն չունի որեւէ կաբինետի մեջ մտնելու եւ ի սկզբանե հայտարարում է, որ ես ընդդիմություն եմ: Եթե նրան պարտադրում ենք Կառավարության ցանկ նշել, ստացվում է՝ նրան վատ վիաճկի մեջ ենք գցում»:             ԱԺ աշխատանքային խումբը նաեւ վերանայեց բոլոր 4 խմբակցությունների առաջարկները՝ որոշ դրույթների շուրջ կամ կոնսենսուսի գալով, կամ վերապահումով մոտենալով, կամ կտրականապես մերժելով: Մինչ Կառավարությանը ներկայացնելը՝ պատգամավորներն առաջարկները կամփոփեն հուլիսի 27-ի նիստում: