Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձանմուշներ մարդու մազից, հավի ձվից (տեսանյութ)

Տնտեսություն
alaverdi

  Չեխ մի խումբ փորձագետներ Ալավերդիում փորձանմուշներ են հավաքում՝ պարզելու պղնձամոլիբդենային գործարանի արտանետումների բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա:Փորձագետները «Առնիկա» միջազգային էկոլոգիական կազմակերպությունից են, որոնց ծրագիրը ֆինանսավորում է Չեխիայի ԱԳՆ-ն: Իրենց ուսումնասիրությունների արդյունքները նրանք հրապարակելու են աշնանը՝ լաբորատոր քննությունից հետո: Բացի մազերի նմուշառումներից, որոնք սնդիկի հիմնական կուտակիչներն են, փորձագետներն կուսումնասիրեն նաեւ հավի ձուն: Կուսումնասիրվի նաեւ տնամերձ հողը՝ բանջարանոցների ու այգիների տարածքը: «Մթնոլորտային օդի աղտոտվածությունը  ծծմբային անհիդրիդով ազդում է նաեւ Դեբեդ եւ Ախթալա գետերի ջրի որակի վրա: Գետերի ջուրը թթվայնացվում է, եւ այդ ջրով ոռոգումը կարող է հանգեցնել հողի թթվայնացման եւ աղակալման»,- նշում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:               Ըստ հայ փորձագետների տվյալների՝ արտանետումների քանակով Լոռին ՀՀ առաջատար մարզն է՝ շուրջ 51 հազար տոննա: «Տարիներ առաջ կատարվել էր «ԳեոԱլավերդի» ուսումնասիրությունը, որի համաձայն տարեկան 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ է թափվում Ալավերդու քաղաքացիների վրա»,- ավելացրեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը: «Երեկոյան եւ առավոտյան ծխի քանակը շատանում է, մարդիկ նույնիսկ խեղդվում են. կան մարդիկ, որոնք կոկորդի վրա իրոք ազդում է»,- վստահեցրեց Ալավերդիի բնակիչ Աննա Փերիխանյանը:                 Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի արտանետումների ազդեցությունը չեզոքացնելու համար մի քանի տարբերակ էր քննարկվում, որոնցից մեկը ֆիլտրերի տեղադրումն էր: Գործարանի տնօրինությունը հրաժարվեց այդ գաղափարից՝ պատճառաբանելով, թե բավականին թանկ են ու արդյունավետ չեն՝ շուտ են փչանում: Մյուս տարբերակը՝ պղնձաձուլարանն այլ տեղ տեղափոխելն է: Այդ նպատակով անգամ փոխվաչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: «Որտե՞ղ է կառուցվելու գործարանը, ոչ մեկին պարզ չէ, ներքին շշուկներով ասում է, որ դա նախատեսվում է իրականցնել Արցախում, եւ հետո՝ ինչ ձեւի պղնձաձուլարան է կառուցվելու: Եթե ինքը լինելու է նույն ձեւի պղնձաձուլարան, կամ եթե նույն սարքավորումները տեղափոխելու են ուղղակի այլ տեղ, ես ուղղակի առաջարկում եմ գործարանը ոչ մի տեղ էլ չտեղափոխել. ի վերջո, այնտեղ, որտեղ տեղափոխելու են պղնձաձուլարանը, այնտեղ եւս մեր հայերն են ապրում, եւ նրանց թունավորել պետք չէ, ալավերդցիներս արդեն շատ, թե քիչ ադապտացվել են այդ ծխին»,- կարծում է  «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն»  ՀԿ տնօրեն Օլեգ Դուրգարյանը:  Եթե քննարկվում է գործարանն այլ տեղ տեղափոխելու հարցը, ապա ալավերդցիները բաց քննարկումներ են պահանջում՝ որտեղ եւ ինչ ժամկետների մասին է խոսք գնալու: Ալավերդիում գործարանի փակումը նրանք դիտարկում են որպես ծայրահեղ որոշում: