Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրախտի անձնագիր՝ վիզայի կնիքով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
draxt

Գեղարքունիքի մարզի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Դրախտիկ գյուղում   թվում է  չկան զբոսաշրջիկին գրավող՝   ոչ  պատմամշակութային, ոչ էլ բնական հուշարձաններ: «Երազանք»-ի թիմի 21 անդամներ, որոնք իրենց անվանում են հրեշտակներ, որոշել են հեղափոխել գյուղը   եւ Դրախտիկն իր անվանը համահունչ դարձնել։ «Բարդ գյուղ է ու որեւէ մեկը չի ուզել հեշտ գյուղ ընտրել, ոչ մեկ չի ուզել հեշտի ետեւից գնալ, հակառակը՝ ընտրության կրիտերիաներից մեկը եղել է բարդ իրավիճակով գյուղ ընտրել ու հասցնել լավ կետի»,- վստահեցնում է գործարար Մայիս Մարգարյանը: «Մեր հեղափոխությունը կարծես թե ստացվում է. գյուղում արդեն մոտ 1000 զբոսաշրջիկ ենք ունեցել, հյուրեր, հովեկներ: Բավականին շարժ կա, երիտասարդներն են ակտիվ, շեշտը դնում ենք դպրոցականների վրա, որպեսզի այդ սերունդների հետ աշխատելիս ապագա լիդերներ ունենանք գյուղում, որոնք սիրելով իրենց գյուղը՝ չհեռանան, այլ քաղաքը բերեն գյուղ», նշեց «Կանաչ արահետ» մարքեթինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանը:             Դրախտիկի բնակիչների մի մասը Բաքվից, մյուս մասը՝ Արծվաշենից են  գաղթել՝ երկու տարբեր բարբառ, երկու տարբեր սովորույթներով մարդիկ մի գյուղում: «Մենք ոչ մի բան չհորինեցինք, ընդամենը գյուղացուն ցույց տվեցինք, որ նա ունի ռեսուրս եւ առանց ջանք գործադրելու, ընդամենն իր ռեսուրսն օգտագորելով՝ կարող է հասնել դրական արդյունքի: Կարող է փոխել իր վերաբերմունքը սեփական համայնքի, սեփական կենցաղի ու կենցաղավարության նկատմամբ ընդամենը մատուցելով ծառայություն ու օգտագործելով իր ռեսուրսները՝ սեփական բակի աճեցրած ավելուկը, լոբին, կովի կաթը, որից պանիր է ստանում»,- նկատում է կենդանապաշտպան, բանասեր Կարինե Փանոսյանը:             Գյուղի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծացնելու համար հենց Սեւանի ափին անցկացվեց «Color Festival»-ը, ազգային վարդավառը՝ իր ծիսակատարություններով, ինչպես նաեւ՝ ուշ գիշերին վառվեց խարույկ ու հնչեցին կիթառի շուրջ երգեր:              Գյուղն իր բարիքները ներկայացրեց ցուցահանդես-տոնավաճառին: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Դրախտիկի համայնքապետ Կարեն Ղալեչյանը, որին «Երազանք»-ի թիմն անվանում է հրեշտակների դեսպան՝ իր աջակցության ու հոգատարության համար: Իսկ Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին հանձնվեց, այսպես կոչված՝ դրախտի առաջին անձնագիրը՝ վիզայի կնիքով: Անձնագիրը վկայում է Դրախտիկ գյուղում ներդրում ունենալու եւ աջակցության մասին: