Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքում անցկացվեց Ձմերուկի 6-րդ փառատոնը. այս տարի այն նվիրված էր մայրաքաղաքի հոբելյանին

Պաշտոնական
001-2

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած Ձմերուկի 6-րդ փառատոնը: Այս տարի այն նվիրված էր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Փառատոնը մեկնարկել է խորհրդանշական շքերթ-դիմակահանդեսով: «Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում իրականացվող այս նախաձեռնությունը տարիների ընթացքում հասցրել է սիրվել ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի կողմից: Այդ մասին փաստում է փառատոնին մասնակցիների տարեցտարի աճը: Հարյուրավոր և նույնիսկ հազարավոր մարդկանց անգամ եղանակային պայմանները չեն խանգարել միանալու ձմերուկային տոնին»,- փառատոնի հանդիսավոր բացման իր խոսքում ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Փառատոնի շրջանակում Երևանի վարչական շրջանների տաղավարներում ներկայացվել են քարվինգի մասնագետների կողմից ստեղծված ձմերուկային նորովի և յուրօրինակ ձևավորումներ՝ հոբելյանական տարվան առնչվող լուծումներով, նաև Երևանի խորհրդանիշերով: Ձմերուկային ստեղծագործություններն անտարբեր չեն թողել անցորդներին, որոնք շտապել են լուսանկարել, ինչպես նաև հետաքրքրվել մասնագիտական գաղտնիքներով:  Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև տարբեր խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել են մրցանակներով: Մայրաքաղաքի բնակիչներին ու նաև քաղաքի հյուրերին սպասված, բայց հաճելի անակնկալ է մատուցվել աստղային տաղավարից: Ճանաչված ու սիրված հաղորդավարների, դերասանների կողմից փառատոնի այցելուների համար կազմակերպվել է ձմերուկի հյուրասիրություն: Ձմերուկի 6-րդ փառատոնի մասնակիցները խրախուսվել են Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերով: Փառատոնն ուղեկցվել է համերգային ծրագրով, որին մասնակցել են սիրված երգիչ-երգչուհիներ, երաժշտական ու պարային խմբեր, DJ-ներ: Շոու ծրագիրը շարունակվել է մինչ ուշ երեկո: Միջոցառման մասնակիցը դարձած երևանցիներն ու օտարազգի հյուրերը, խոսելով իրենց տպավորությունների մասին, նկատել են, որ փառատոնն իրենց պարգևել է զգացողություններով  լի անմոռանալի օր: