«Գուցե Փանիկի դեպքերը նախկին իշխանությունների կողմից մշակված սաբոտաժ էր Փաշինյանի դեմ». Ստ. Գրիգորյան (տեսանյութ)

Իրավապաշտպան Արթուր Սաոունցը կարծում է, որ Փանիկ գյուղում տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն էր գյուղացիների նկատմամբ:

«Օրը ցերեկով կրակում էին գյուղացիների վրա, դա անթույլատրելի է»,- ասաց Սաքուցն այսօր լրգրողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ իրավապաշտպանի պետք է վերանայվեն 102-րդ ռուսական ռազմբազայի տեղակայման պայմանները և դրական գնահատեց ՀՀ Պաշտպանության նախարար հայտարարությունը  այդ մասով, որ պայմանագիրը վերանայման կարիք ունի:

«Այդ հայտարարությունը շատերը համարեցին սենսացիոն: ՀՀ Պաշտպանության նախարարն ասում է, որ քարի վրա գրված փաստաթղթեր չեն, կարելի է վերանայել, դա նշանակում է, որ իրապես բավականին լուրջ հարցեր կան, ինչքան էլ որ ես չեմ պատկերանցում ինչպես է վերանայվելու»,- նշեց իրավապաշտպանը:

Մոդուս Վիվենդի կենտրոնի նախագահ, ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արա Պապյանը նշեց, որ կա օրենք, երբ հրազենից կրակելու իմիտացիայի համար պատասխանատվության են ենթարկում, իսկ Փանիկ գյուղում ռուս զինվորականները զորավարժության ժամանակ իմիտացիոն կրակոցներ են արձակել:

«Հիշենք, որ մենք նախադեպ ունենք: կրակոցի իմիտացիայի համար ՀՀ քաղաքացի Հայկ Կյուրեղյանը  դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Այսինքն օրենք կա, դու չես կարող անգամ իմիտացիա անել ու կրակել: Այն դեպքում, երբ Հայկ Կյուրեղյանի ձեռքին ռազմական զենք չէր, այլ օդամղիչ ատրճանակ: Դրա համար 9 տարվա դատապարտվեց, 4 տարի նստեց, իսկ այստեղ մի ամբողջ ստորաբաժանում է եղել: Սա հանցագործություն է, մի ամբողջ ստորաբաժանում ոտնահարել է պետության իրավունքները»,- ասաց Արա Պապյանը:

 

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը տեսակետ հայտնեց, որ չպետք է բացառել, որ Փանիկի դեպքերը գուցե նախկին իշխանությունների կողմից մշակված սաբոտաժ էր Նիկոլ Փաշինյանի դեմ:

«Մի վարկած կա, որը ես համարում եմ շատ հավանական. պատկերացրեք, որ նախկին իշխանությունները փայլուն հարաբերությունների մեջ են բազայի ղեկավարության հետ և սադրանքը կազմակերպել են: Ինչո՞ւ: Նոր իշխանություն է, շատերը երիտասարդ են, տաքարյուն, հեսա կսկսեն կոշտ խոսել Ռուսաստանի նկատմամբ, կոշտ ձևակերպումներ անել: Սարքած գործ, որ մեր ուշադրությունը շեղենք: Սա մի տարբերակ է, որը չենք կարող բացառել»,- նշեց քաղաքագետը: