Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ամեն օր շոկի եմ ենթարկվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
37419654_10212460443889102_5466094024513290240_n

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարումից հետո առաջին անգամ լայնամասշտաբ մեծ հանդիպում ունեցավ ԶԼՄ ներկայացուցիչների հետ` Կառավարության նիստերի դահլիճում։ «Բարեւ ձեզ, գործընկերներ»,- այսպես նա դիմեց լրագրողներին, ապա շարունակեց. «Այսօր հուսով եմ, որ դուք կգտնեք այն հարցերի պատասխանները, որոնք առաջացել են այս ընթացքում ու հասանելի չեն եղել հանրությանը»: Նրա առաջին դիտարկումհ վերաբերում էր նրան, որ շատերի համար դեռ այնքան էլ պարզ չէ, թե ՀՀ կառավարությունը ինչ տնտեսական քաղաքականություն է վարում. «Դա նաեւ մեր մեղավորությունն է, որ մանրամասն չենք ներկայացրել, մեր տնտեսական քաղաքականության առանցքը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է։ Մինչ հեղափոխությունը ունեցել ենք մի համակարգ, երբ տնտեսության առանձին ձեւեր հասանելիության սահմանափակ հնարավորություն են ունեցել, իսկ ներառող նշանակում է, որ այդ սահմանափակումները չպետք է լինեն ու պետք է հասանելի լինեն։ Այս խնդրի համար այսօր քաղաքական խոչընդոտներ չկան, սակայն ժամանակ առ ժամանակ մոնիթորինգ ենք անում, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում. եթե դրանք դանդաղ են լինում, ապա նոր գործիքակազմ պետք է կիրառել։ Սակայն այդ ամենը պետք է անել` առանց տնտեսական ցնցումների իսկ մեր տնտեսության հիմքը կոռուպցիայի դեմ պայքարն ու արդար դատական համակարգի ստեղծումն է»։   Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ կադրային քաղաքականությանը. «Մենք պետք է արձանագրենք, որ նոր կառավարությունում գործում են երեք նոր խմբի մարդիկ` հին, նոր մարդիկ, եւ նրանք, որոնք հին ժամանակներում աշխատելով փոխել են իրենց գործելաոճը։ Անխուսափելի է ադապտացիան։ Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, շարքային փոփոխություններ չեն, այլ ազգային ամբիցիաների փոփոխություններ են, ընդ որում դա չի կանխատեսվել շատերի կողմից։ Մենք հասնելու ենք կադրային հեղափոխության էջին, սակայն գերանդին չենք վերցնելու ու սկսենք հնձել բոլորին»։  Առաջին հարցը վերաբերում էր ԵՄ-ի հետ հարաբերություններին. «Ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշումն է, այլ մեր հավատամքն է։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ սա մեր ժողովրդի արժեքների համախումբն է»։ Ինչ վերաբերում է թոշակների բարձրացմանը, ապա Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ` այդ հարցը  դրված է իրենց առջեւ։ Ըստ նրա` ՊԵԿ եւ ԱԱԾ սկսած տնտեսական ստուգումների հիմնական խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ մաքսիմալ հավասար դաշտ ստեղծելը տնտեսության համար ու ավելացնել պետական եկամուտները. «Պետական պարտքն այսօր հատում է վերին սահմանը, եւ այդ առումով նոր վարկեր գրավելու կարիք չեմ գտնում։ Այս փուլում մեր հիմնական խնդիրն է ախտորոշել, թե ինչ վիճակում է մեր երկիրը այս փուլում։ Ժամանակին նույնիսկ իմ ամենասուր ելույթներում ես ինձ թույլ չեմ տվել պատկերացնել, որ պետական թալանի ծավալը մակարդակը կարող է լինել մեր բոլորի ամենավառ երեւակայության սահմաններից այն կողմ։ Կոռուպցիոն բացահայտումներն ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց շահերի հետ է առնչվում ու նույնիսկ այն մարդկանց դեպքում, որոնք ծափահարել են հեղափոխությունը: Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, քանի որ իր առջեւ բերում, դնում են տեղեկություններ, որոնց չի ցանկանում հավատալ, որ լկտիությունն այդ աստիճանի կարող է լինել։ Օրինակ` նպաստների ոլորտում կոռուպցիա, կոռուպցիա՞, դա դեռ մեղմ է ասված։ Մեկ-մեկ ես խնդրի առաջ եմ կանգնում` ստի եւ ճշմարտության. ի պաշտոնե տիրապետում եմ տեղեկությունների, որոնք չգիտեմ` արժե ասե՞լ հանրությանը, որ նա չհիասթափվի կյանքից։ Բայց հակված եմ նրան, որ մինչեւ վերջ պետք է ասել ճշմարտությունը, ու ոչ ոք անպատիժ չի մնալու։ Իրավապահ մարմիններն ուղղակի ուժասպառության եզրին են, մեկ-մեկ ասում են` կլինի՞  օրվա երկրորդ կեսին, կիրակի կոռուպցիայի դեմ չպայքարենք։ Բայց ուզում եմ ասել` որեւէ մեկը չի պլստալու օրենքից»: Ինչ վերաբերում է օգոստոսի մեկին ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ մասնակցությունը, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեռ պարզ չէ, չեն քննարկել։  Հաջորդ հարցը վերաբերում էր սուպերվարչապետությանը, արդյոք այս պատմուճանում Նիկոլ Փաշինյանն իրեն հարմարավետ է զգում, քանի որ այն կարվել էր Սերժ Սարգսյանի համար։  «Սազո՞ւմ է»,- ուղղելով կոստյումը` կատակեց վարչապետը, ապա ավելացրեց. «Բալանսավորում պետք է լինի, սակայն սա մեկ օրում չի լինի։ Դա նաեւ պետք է պետության կայունացումն ապահովի։ Ո՞վ է ասում, թե բալանսավորում պետք է լինի ՀՀ նախագահի ու վարչապետի միջեւ։ Երկու ղեկավար մի երկրում չի կարող լինել։ Հիմա, օրինակ, ո՞վ գիտի, թե Գերմանիայի նախագահն ով է»: Երբ լրագրողներից մեկն ասաց անունը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Շնորհավորում եմ, խորհուրդ են տալիս մասնակցել «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին, քանի որ շատերը չգիտեն այդ մասին։ Օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ու քաղաքացիական հասարակության միջեւ պետք է բալանսավորումը լինի։ Մինչեւ ընտրությունները դրամատիկ քայլերի չենք գնա»։  Նա անդրադարձավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը եւ ԼՂ հարցի կարգավորման շուրջ քննարկումներին. «Մեթոդական սխալ եք թույլ տալիս, երբ Կառավարության ղեկավարին հարցնում եք տարածքները` կարգավիճակի դիմաց լուծումը ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ, ապա երկու կողմը պետք է պատրաստ լինեն փոխզիջումների։ Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը պատրաստ է, ապա ազգովի կսկսենք քննարկել, թե փոխզիջման ինչ սահման գոյություն ունի։ Բացառում եմ ԼՂ հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի ժողովրդի համար։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ ինձ հետ հանդիպելու կարիք կա ու նրան հրավիրել եմ կառավարական առանձնատուն։ Մենք նստել, սուրճ ենք խմել, քննարկել ենք ԼՂ հարցի կարգավորոյմը, որի մասին ինձ տեղեկություններ է տվել` մտածելով, որ ես տեղյակ չեմ լինի, սակայն նա այնպիսի բաներ չի ասել, որ ինձ հայտնի չլինեին։ Հրավիրել եմ նաեւ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին ու ներկա նախարարի հետ եռակողմ հանդիպումներ ենք ունեցել, եւ չի բացառվում, որ էլի լինեն։ Ներքաղաքական հարցերի անդրադարձ չի եղել։ Եթե մյուս նախագահների կողմից այլ ցանկություններ լինեն, չի բացառվում նրանց հետ եւս հանդիպում լինի։ Հիմա ես նման ցանկություն չունեմ, սակայն ինչ-որ իքս պահի` հնարավոր է»: Նա նաեւ նշեց, որ Կառավարությունը արձակուրդ չի կարող գնալ. «Առանձին ներկայացուցիչներ, որոնք հոգնած են, երեւի կգնան»: Անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին` նա նշեց, որ նախկինում ինքը, եւս լինելով քաղբանտարկյալ, իր համար ամենամեծ խայտառակությունհ կլիներ, եթե էլի քաղբանտարկյալներ լինեն երկրում։ «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք նախատեսում է հանդիպում մարտի մեկի զոհերի ծնողների հետ, Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ մոտ շրջանում կհանդիպեն, եթե նրանք հարցեր ունեն. «Բայց կուզենայի նրանց հետ հանդիպել, երբ ինչ-որ էական բան լինի արդեն ասելու մարտի գործի հետ կապված»։ Նա անդրադարձավ նաեւ այն լուրերին, թե ինքն է հորդորել Տարոն Մարգարյանին` հեռանալ պաշտոնից. «Ես անձամբ Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել։ Ինչ վերաբերում է քաղաքապետի նոր թեկնածուին, ապա ոչ թե անձամբ ես, այլ մեր քաղաքական ուժը պետք է ունենա թեկնածու: Ի դեպ, անուններն արդեն մամուլում շրջանառվում են»: