Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կունգուրցեւը կրկին  կլինի ազատության մեջ

Հասարակություն
kungurcev

 Քիչ առաջ Վճռաբեկ դատարանը որոշեց փոփոխել 7 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Կունգուրցեւի խափանման միջոցը։ Նա 500,000 դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։  Վճռաբեկ դատարանը մասսամբ բավարարելով թե պաշտպանական, եւ թե տուժող կողմի բողոքները, որոշեց նաեւ գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։    Հիշեցնենք, որ  Կարեն Կունգուրցեւը մեղադրվում էր  Լոռու մարզում 2013 թվականի հոկտեմբերի 15-ին հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանին սպանելու համար։  Սակայն 31 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Կարեն Կունգուրցեւին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանն անմեղ է ճանաչում եւ 2016 թ ապրիլի 15-ին ազատ արձակում։  Կարեն Կունգուրցեւը երկար չի մնում ազատության մեջ։ 2017 թ հուլիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝  Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ,  Կարեն Կունգուրցեւին առաջադրված սպանության փորձի մեղադրանքը փոփոխում է, այն որակելով որպես անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ։ Արդյունքում Կարեն Կունգուրցեւը  դատապարտվում է 7 տարվա ազատազրկման։ Վարաքննիչ բողոք բերել էր ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ տուժող կողմը՝ պահանջելով ճանաչել եւ հռչակել Կարեն Կունգուրցեւի անմեղությունը․    «Արդեն 5 տարի է որդիս մահացած է, սակայն չկա այն անձը, ով պետք է դատապարտվի որդուս սպանության համար։ Կարեն Կունգուրցեւն անմեղ է է եւ չի կատարել այդ հանցանքը»,-  մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը, դիմելով Վճռաբեկ դատարանին,  ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հակոբ Հովակիմյանը։    Պաշտպան Արայիկ Պապիկյանը Վճռաբեկ դատարանի որոշումը համարում է մասնակի հաղթանակ։ Կարեն Կունգուրցեւն ազատ կարձակվի այն ժամանակ, երբ մուծվի 500․000 դրամ գրավը։