Սերժ Սարգսյանի խնամին 300 միլիոն դրամ է ստացել պետությունից, սակայն որևէ մեկին չի բուժել (տեսանյութ)

Պետական Եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի հրապարակի իր խոստացած  յուրացումների ցանկը: Նա նկատողություն է ստացել: 

«Ինձ իմ կոլեգաներն ասացին, որ որեւէ տեղակատվություն բացահայտելը,  քննչական և հետաքննչական գործողությունների շրջանակում որևէ տեղեկատվություն հրապարակելը կարող է վնասել գործին: Սխալվեցի,  սպասեք հրապարակումներին»:

Պետական եկամուտների կոմիտեն առաջիկա օրերին պետբյուջե նոր գումարներ  կմուտքագրի:

«Նոր բացահայտումների արդյունքում մենք լրացուցիչ տեղակատվություն կտարածենք, եթե նման լիազորություն կամ իրավասություն ունենանք: Հուլիսի 9-ից մինչեւ այսօր, եթե չեմ սխալվում՝ 2,5 մլրդ դրամի մուտքագրում է արվել»:

 Դավիթ Անանյանը հերքեց այն լուրերը, թե  փոքր կրպակների դեպքում մեծ տուգանքներ են նշանակվում խախտումներ հայտնաբերելիս։

«Այդպիսի հրահանգ չկա, կա հակառակ հրահանգը, որ չի կարելի փոքր եւ միջին ձեռներեցներին ծանրաբեռնել մեծ տուգանքներով, եթե այս կամ  այն աշխատակիցը սխալ է հասկանում, մենք այդ ծառայողներից պետք է ազատվենք: Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն մաքուր եւ հրեշտակի թեւերով, չի լինում այդպես»:

Առողջապահական ոլորտի գլխավոր պատասխանատուն կշարունակի ստուգումները բուժհաստատություններում:  Ըստ Արսեն Թորոսյանի՝ չի բացառվում, որ խախտումներ հայտնաբերվեն նաեւ մյուս հիվանդանոցներում,  ինչպես  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որի ղեկավարը Սերժ Սարգսյանի խնամին  է՝ Արա Մինասյանը:

«Դա չբուժված հիվանդների համար վերցրած գումարներ են, այսինքն՝ հիվանդները չեն ստացել բուժօգնություն, բայց պետություն է գանձվել, միջանկյալով 300 միլիոն դրամ: Երեկ ստորագրել եմ հրաման, որ մի քանի հիվանդանոցում օպերատիվ ստուգումներ անցկացվեն»:

Արսեն Թորոսյանը ցանկանում է բոլոր բուժհաստատություններում գործակալ- ներկայացուցիչներ ունենալ:

 Նախարարը մտահոգություն չունի, որ այս որոշումը կհիշեցնի  Խորհրդային շրջանի ռեվիզորներին: Ըստ նրա, այսօր պետությունը ամենամեծ գնորդն է բուժհաստատությունների մատուցած ծառայությունների: 

 Ի դեպ, այսօր Առողջապահության նախարարը  կառավարության շենքից դուրս գալով ՝ հայտնվեց քաղաքացիների շրջանի մեջ։ Նրանք պահանջում էին, ամեն ինչ, որ օրենքով հասնելիք ծառայությունները պատշաճ  կատարվեն։