Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիի «Շիրակը» կշարունակի ելույթները, չնայած կադրային խնդիրներին

Սպորտ
a1shirak-19.07.

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսօր իր ֆեյսբուքյան էջում այսպիսի հայտարարություն է տարածել: «Հարգելի երկրպագուներ, ուրախությամբ պետք է նշենք, որ «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց: Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին, ՀՖՖ ժողովի ժամանակ, կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջադրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ, մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն»: Հիշեցնենք, որ «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը նախկինում հայտարարել էր, որ թիմը չի մասնակցի բարձրագույն խմբի առաջնությանն այնքան ժամանակ, մինչեւ որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ֆեդերացիայի բոլոր աշխատակիցները հրաժարական չտան: Սակայն թիմը կադրային խնդիրներ ունի: «Շիրակի» շատ ֆուտբոլիստներ արդեն տեղափոխվել են տարբեր ակումբներ: Մասնավորապես՝ Անատոլի Այվազովը, Սոլոմոն Իմե Ուդոն, Իգոր Ստանոեւիչը տեղափոխվել են «Բանանց», Հրայր Մկոյանը, Ռոբերտ Դարբինյանը, Վարդան Բակալյանը՝ «Արարատ-Արմենիա», Ժիրայր Մարգարյանը՝ «Արցախ»: Այն, թե ակումբի ղեկավարությունն ինչպես է լուծելու այդ հարցը, ցույց կտա ժամանակը: Սակայն գլխավորն այն է, որ «Շիրակը» շարունակելու է ելույթները բարձրագույն խմբում, քանի որ այն միակ թիմն է, որն առանց ընդմիջման հանդես է եկել Հայաստանի Հանրապետության բոլոր առաջնություններում: