Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՔՄ. Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների խառնաշփոթն ու հաշվարկը

Պաշտոնական
Yerevan-mun.

Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 9-ին հրաժարականի մասին դիմում ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հուլիսի 12-ին մայրաքաղաքի ավագանին ընդունեց հրաժարականը և քաղաքապետի արտահերթ ընտրությունը նշանակեց հուլիսի 16-ին: Սակայն առ այսօր Երևանի ավագանին չի ընտրել քաղաքապետ, և ըստ ամենայնի դա տեղի չի ունենա: Քանզի դրան հաջորդող գործողությունների առումով կա իրավակարգավորումների անհստակություն և հակասություն, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հանրությանը առավելագույնս հանրամատչելի կերպով ներկայացնել հետագա գործողությունների ընթացքը և ժամկետները: Ավագանու լիազորությունների ժամկետի կրճատումը «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ամրագրում, որ «2. Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո`երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:»: Ըստ էության այս իրավակարգավորմամբ օրենսդիրը նկատի է ունեցել երկու շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետի ընտրության փորձի (փորձերի) տապալման դեպքը՝ որպես կառավարության կողմից ավագանու լիազորությունների ժամկետի կրճատման հիմք: Այդուհանդերձ, օրենսդիրը ոչ այս, ոչ էլ որևէ այլ նորմով (այդ թվում՝ այլ իրավական ակտով) չի սահմանել, թե ինչ ժամկետում է կառավարությունը կատարում 17-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված գործառույթը: Ընտրության նշանակումը Նույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ «3. Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ Կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ»: Այնինչ, «Ընտրական Օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածն ամրագրում է, որ «1. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է Կառավարությունը` համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու արձակվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»: Թեպետ «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով օգտագործվում է «լիազորություների ժամկետի կրճատում» եզրույթը, իսկ Ընտրական օրենսգրքում «արձակում» բառը, այդուհանդերձ ակնհայտ է, որ խոսքը միևնույն գործողության մասին է, որը նկարագրված է տարբեր տերմինաբանությամբ: Հետևապես, այս իրավակարգավորումները հստակ հակասում են իրար: Սակայն, համաձայն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի՝ Սահմանադրական օրենքն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան օրենքը: Հետևապես, պետք է գործի Սահմանադրական օրենքով ամրագրված նորմը, որն ամրագրում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` Երևանի ավագանու արձակվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Ընտրության ժամկետը Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «2. Արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո`առավել ուշ կիրակի օրը..»: Այնինչ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասին համաձայն՝ «6. Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ՝ ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում...»: Ու թեև այս երկու իրավակարգավորումները իրար հակասում են, սակայն կրկին գործում է Ընտրական օրենսգրքի կարգավորումը՝ ոչ միայն դրա ավելի բարձր իրավաբանական ուժ ունենալու պատճառով, այլև քանի որ Սահմանադրության 181-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ «2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով»: Հետևապես, կառավարությունը պետք է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակի այնպես, որ այն կայանա այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Ընդորում, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ կառավարությունը կարող է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշման մեջ սահմանել դրա ուժի մեջ մտնելու ցանկացած օր, որը կլինի պաշտոնական հրապարակումից հետո: Այդ դեպքում 30-ից 40-օրյա ժամկետը կհաշվարկվի այդ օրվանից: Այսպիսով Երևանի ավագանին քաղաքապետի ընտրությունները նշանակել էր 2018 թվականի հուլիսի 16-ին: Հետևապես, եթե քաղաքային ավագանին հուլիսի 30-ի դրությամբ չընտրի քաղաքապետ, ապա կառավարությունը պետք է արձակի ավագանին: Սակայն կառավարություը չունի սահմանված ժամկետներ, երբ պետք է դա կատարի: Ամեն դեպքում, երբ էլ որ կառավարությունը արձակի ավագանին, դրանից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է նշանակի արտահերթ ընտրություններ: Այդ ընտրությունների ամսաթիվը պետք է ընտրվի այնպես, որ նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լինի 30-ից 40 օրյա ժամկետում առավել ուշ կիրակի օրը: Սակայն անցումային դրույթներում կառավարությունը կարող է որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվ սահմանելով՝ հետաձգել այդ ժամկետի հաշվարկի սկիզբը: Ըստ այդմ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են լինել ոչ շուտ, քան 2018 թվականի սեպտեմբերի 9-ը, բայց դրանց անցկացման վերջնաժամկետ, դե-յուրե, գոյություն չունի: «Իրազեկ քաղաքացիների միավորում»