Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արտասահմանում թատրոնի տնօրեն նշանակվում է գիտակը, իսկ մեզ մոտ ծանոթով». Կարեն Դուրգարյան (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
opera

Օպերային թատրոնը հնարավոր կլինի ոտքի հանել, եթե շատ լուրջ սկսեն զբաղվել տոմսերի վաճառքով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասած Օպերային թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյան, ով երեք տարի է Հայաստանում չէ և աշխատում է աշխարհի տարբեր թատրոններում։ «Եթե ասում ենք հանդիսատես չունենք,  ուրեմն հայ ազգը արվեստի հեչ կապ չունի։ Բայց ես վստահ եմ, համոզված եմ, որ Հայաստանում հանդիսատես կա, բայց տոմս վաճառող չկա, մենեջմենթը վատն է։ Պետք է լինեն մասնագետներ, ովքեր այդ գործին կտիրապետեն։ Կառավարման համակարգը  փոփոխությունների կարիք ունի։ Օպերային թատրոնի լեզուն ամբողջ աշխարհի համար մեկն է և հասկանալի բոլորին, այն պետք է խոսի բոլորի հետ ինչպես հավասարը հավասարի հետ։ Հայաստանում թերի է մեջնեջմենթի համակարգը  և թատրոնի տնօրենի ինստիտուտը։ Արտասահմանում տնօրեն նշանակվում է գիտակը, արվեստից ու թատրոնից հասկացող մարդը, իսկ մեզ մոտ նշանակվում է ծանոթի միջոցով»,- ասաց Կարեն Դուրգարյանը։ Ըստ նրա՝ թատրոնի աշխատանքը պետք է պլանավորել տարիների հեռանկարով, իսկ ներկայացումները պետք է լինեն ամեն օր։   «Աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր օպերային թատրոններում ամեն օր բացի երկուշաբթի օրվանից ներկայացում է լինում։ Իմ հաշվարկով երեսունից ավել ներկայացում կա, որից 15-ը բալետային, 15-ը օպերային։ Այսօրվա քանակով օպերային թատրոնը կկարողանա ամեն օր ներկայացում տալ»,- նշեց Կարեն Դուրգարյանը։ Կարեն Դուրգարյանը Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից հեռացվել է երեք տարի առաջ, երբ մշակույթի նախարարն էր Հասմիկ Պողոսյանը։ Դիրիժորը կարծում է, որ օպերային թատրոնին  մեծ վնաս են հասցնում վարձակալությունները, քանի որ տնօրենը հարկեր և վարձեր ունի տարեկան մուծելու, իսկ ներկայացումների միջոցով չի կարողանում դրանք հոգալ։ Վարձակալությամբ տալով որակն է ընկնում թատրոնի։ Այսօր Կարեն Դուրգարյանը Օպերային թատրոնից հրավերի չի սպասում, սակայն նշում է, որ միշտ պատրաստ է օգնել և փոխանցել իր փորձառությունը երիտասարդներին։ Նա նաև հանդիպել է Մշակույթի նախարարի հետ և մեծ ակնկալիքներ ունի, որ առկա խնդիրները կշտկվեն։