Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորին խոշտանգած ՔԿՀ աշխատակցի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Պաշտոնական
hatuk-qnnchakan-carayutyun

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն մի խումբ անձանց կազմում խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք: Այսպես, 2018 թվականի մարտի 16-ին` ժամը 00:35-ին, Նուբարաշեն ՔԿՀ տեղափոխված կալանավոր Ա. Ա.-ի և նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա. Հ.-ի միջև խոսակցություն է ծավալվել կալանավորի կողմից վերջինիս բարև չտալու հարցի շուրջ, որի ընթացքում կալանավորը տվել է անհասցե հայհոյանքներ: Դրանից հետո Ա. Հ.-ն կալանավորին ուղեկցել է ՔԿՀ-ի` խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ և մինչ այդ հայհոյանքներ տալու համար նրան պատժելու նպատակով հիմնարկի մի խումբ ծառայողների հետ նշված սենյակում խոշտանգել է վերջինիս` դիտավորությամբ պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, այն է` ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Ա. Ա.-ին խոշտանգելու դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով` Ա. Հ.-ն նույն ՔԿՀ-ի մի խումբ պաշտոնատար անձանց հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ արձանագրություն այն մասին, թե իբր կալանավորին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին և խոչընդոտել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների օրինական գործողությունների կատարմանը, ուստի նրա ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ա. Հ.-ի վերաբերյալ  քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 17.07.2018թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:         Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: