Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Հարությունյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն

Պաշտոնական
kgn

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին` Հայաստանի կրթության ոլորտին տրամադրվող աջակցության համար: Արայիկ Հարությունյանի խոսքով` Հայաստանի կրթական համակարգը կառուցվածքի առումով համադրելի է եվրոպական միասնական կրթական տարածքին, սակայն կրթության որակի բարելավման ուղղությամբ դեռևս լուրջ մարտահրավերներ կան: Ներկայացնելով  կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները՝ ԿԳ նախարարը նշել է, որ ներկայումս ԵՄ աջակցությունն է ակնկալվում՝ մասնավորապես, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման, հանրակրթական ծրագրերի, դասագրքաստեղծ գործունեության, փոքրաթիվ դպրոցների կառավարման ուղղությամբ, ինչպես նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բարեփոխումների հիմնական առանցքում լինելու է հանրակրթությունը, որի արդյունքում ակնկալում են ունենալ անկախ, ազատ, քննադատական և վերլուծող մտածողությամբ շրջանավարտ: Այս փուլի համար նա վերոնշյալ ոլորտից առանձնացրել է գյուղական համայնքների փոքրաթիվ դպրոցների արդյունավետ կառավարման խնդիրը, որի կարգավորման համար մշակվում է նոր մոդել՝ կրթամշակութային կենտրոնների ձևաչափով, որը հնարավորություն կտա գյուղական համայնքներում միաժամանակ մեկտեղել նախակրթարանի, դպրոցի և մշակութային կենտրոնի գործառույթները: ԵՄ դեսպան Սվիտալսկին ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության համատեքստում  կարևորելով կրթության ոլորտին տրամադրվող աջակցությունը` շեշտել է, որ կրթական գերատեսչության ղեկավարությունից ակնկալվում է կոնկրետ ծրագրերի ներկայացում: ԵՄ դեսպանն իր գոհունակությունն է արտահայտել կրթության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող  նոր կառավարության քայլերի առնչությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացմանը, կրթության համակարգին տրամադրվող պետական միջոցների արդյունավետության բարձրացմանը, գիտության ոլորտին,  մասնավորապես՝ «Հորիզոն 2020» ծրագրին, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ընդլայնմանը վերաբերվող այլ հարցերի: