Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2016թ Խորենացի փողոցում քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի գործը կգնա դատարան

Քաղաքականություն
erebuni

Մ. Խորենացի փողոցում քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է   ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Այսպես, Ա. Կ.-ն 2016թ.-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում, որտեղ ժամը 22:30-ի սահմաններում` հավաքված քաղաքացիների ցույցը ցրելու նպատակով ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ կիրառելուց հետո, ՊՊԾ գնդի մյուս ծառայողների հետ, ենթադրաբար իրավախախտում կատարած անձանց, այդ թվում` Մարատ Յավրումյանին տեղափոխել են նույն փողոցում կազմված ոստիկանական պատնեշից այն կողմ: Այդ ընթացքում Մ. Յավրումյանը բղավել է՝ մտահոգություն հայտնելով իր հետ նշված վայրում գտնվող անչափահաս երեխայի առանց հսկողության մնալու առնչությամբ: Մ. Յավրումյանին լռեցնելու նպատակով Ա. Կ.-ն ոտքով հարվածել է վերջինիս դեմքին, պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ` քթոսկրերի կոտրվածքի և գլխուղեղի ցնցման ձևով:  Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 25.06.2018թ.-ին ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ  քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 17.07.2018թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:         Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: