«Մենք միակ թիմն ենք, որ հավաք եւ ստուգողական խաղեր չենք անցկացրել». Միքայել Պողոսյան

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչին փոխարինած Միքայել Պողոսյանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տված հարցազրույցում մեկնաբանել է Բուլղարիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի ընթացքը:

 

«Ցավոք սրտի, մենք առանց նախապատրաստական աշխատանքների ենք ժամանել Բուլղարիա, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով չհաջողվեց անցկացնել ուսումնամարզական հավաք: Մենք միակ հավաքականն ենք Եվրոպայի առաջնությունում, որը ստուգողական հանդիպումներ չի անցկացրել այլ երկրների հավաքականների հետ, բացի այդ մեր հիմնական կազմի 8 խաղացողներ տարբեր պատճառներով չեն միացել հավաքականին: Դրան պետք է հավելել նաեւ այն, որ գլխավոր մարզչի փոխարեն ես եմ ստանձնել հավաքականի ղեկը, թեեւ նման փորձ չունեմ:

 

Ամեն դեպքում մենք փորձում ենք առավելագույնս անել Եվրոպայի առաջնությունում եւ պետք է այս առաջնությունը օգտագործենք փորձ ձեռք բերելու նպատակով: Ի՞նչու փորձ, որովհետև մեր թիմը երիտասարդ է եւ կազմված է 18-19 տարեկան խաղացողներից եւ այս խաղացողները մեկ երկու տարի դեռ կարող են հանդես գալ երիտասարդական հավաքականում, իսկ նրանցից ոմանք հնարավոր է հետագայում համալրեն ազգային հավաքականի կազմը:

 

Մեր մրցակիցները բավական ուժեղ էին, թեև մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ, մասնավորապես՝ առաջին խաղում կարող էինք հաղթել Լյուքսեմբուրգի հավաքականին, սակայն փորձի պակասն ու խաղակցվածությունը թույլ չտվեց հասնել դրական արդյունքի:

 

Ապագայում մենք պետք է լուրջ հետեւություններ անենք: Առանց ուսումնամարզական հավաքների եւ առանց ստուգողական հանդիպումների հնարավոր չէ Եվրոպայում մրցել որեւէ հավաքականի հետ, մանավանդ B դիվիզիոնում, որտեղ հանդես են գալիս Եվրոպական մի շարք առաջատար հավաքականներ, մասնավորապես՝ Ռուսաստանի, Լատվիայի եւ Սլովենիայի պես առաջատար բասկետբոլային երկրների թիմերը», – ասել է Միքայել Պողոսյանը:

 

Նշենք, որ Հայաստանի Մ-20 հավաքականը Եվրոպայի առաջնության առաջին երեք տուրերում պարտվել է Լյուքսեմբուրգի (62:75), Չեխիայի (46:99) եւ Ռուսաստանի (54:97) այդ տարիքային թիմերին: