Վաղը Երևանի ավագանու արտահերթ նիստում կորոշվի քաղաքապետի ընտրության օրը

Վաղը՝ ժամը 10։00-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունից տեղեկացնում են, որ նիստի օրակարգում կքննարկվի Երևանի քաղաքապետի ընտրության օրը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:  Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: