ՊԵԿ. Խուզարկություններ «Գազպրոմ Արմենիայի» ընկերությունում եւ գազալցակայաններում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավոտգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին»  ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից

 

Խուզարկություններ են իրականացվել այդ ընկերություններին պատկանող գազալցակայաններում

           

ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն և  ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին  հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000,  53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական  վարչությունում և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում  և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ:

2018 թվականի հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:   

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին